ՄԱԿ-ի անդամ ոչ մի երկիր Ուկրաինայի հարցում Ռուսաստանի մոտեցումը չի կիսում, բայց Ադրբեջանի պարագան այլ է։ Ապրիլին, ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրկին ռազմավարական գործընկերության մակարդակի բերելու մասին կողմերի արտգործնախարարությունների համաժամանակյա հայտարարությունից մեկ շաբթ հետո Իլհամ Ալիևը Գաբալայում ընդունել է Ուկրաինայի նախագահին։
Բաց աղբյուրների տեղեկությամբ՝ ձեռք է բերվել Ադրբեջանի տարածքում համատեղ ռազամաարդյունաբերական ձեռնարկություն հիմնելու պայմանավորվածություն։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել ռազմաարդյունաբերության բնագավառում Ուկրաինային աջակցող երկրներին, նրանց առաջնորդներին և հստակ շեշտել Ադրբեջանի հետ համագործակցությունը։
Սա արդեն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ քաղաքական հարգանք չէ։ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտված է, ուկրաինացիները ձգտում են վերականգնել 1991թ․ սահմանները, և այդ հարցում պաշտոնական Բաքուն նրանց առարկայական աջակցություն է ցուցաբերում։ Իհարկե, Ռուսաստանի իրավունքն է, թե Ուկրաինային աջակցող երկրներից որին է «թշնամի նշանակում» և որի հետ հարաբերություններում «պրագմատիկ մոտեցում» դրսեւորում, բայց հուլիսի 13-ին Ալիևը ոչ միայն ուկրաինացիների ևս մեկ անգամ օկուպացիայի հետ չհաշտվելու կոչ է արել, այլեւ բացահայտ ծաղրել է ՌԴ նախագահ Պուտինին։
ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Միխայիլ Գուսմանին և քաղաքագետ Գեորգի Մարկովին նա անվանել է «տուժածներ», իսկ ռուսաստանցի լրագրողներից մեկին բաց տեքստով ասել է․ «Սաշա, զգույշ եղիր»՝ ակնհայտորեն ակնարկելով, որ նա էլ կարող է Պուտինի «զոհը դառնալ»։
Պուտինի և Ալիևի անձնական հարաբերությունները ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեն։ Ի՞նչ կապերով են նրանք կաշկանդված, կարելի է միայն ենթադրել։ Բայց Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի «պրագմատիկ մոտեցումը» միայն դրանով չէ, երևի, պայմանավորված։ Ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը, որ մի փուլում կարող է ծառայեցվել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին։ Այս հարցը Հայաստանի համար չափազանց կարևոր է։
Կարդացել են
անգամ