Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը բացակայել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի»՝ նոր մրցաշրջանի նախապատրաստական առաջին մարզումներից։
Ֆուտբոլիստը թույլտվություն է ստացել բաց թողնելու հավաքի մեկնարկը, քանի որ բանակցություններ է վարում այլ ակումբ տեղափոխվելու շուրջ։ Եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել, Ռանոսը մեկ շաբաթից կվերադառնա «Գլադբախի» մարզումներին։ Հնարավոր նոր ակումբի անունը դեռ չի հրապարակվում։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը հայ հարձակվողը վարձավճարով անցկացրել է Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում, սակայն կարիերայի այդ փուլը նրա համար անհաջող է ստացվել։
22-ամյա հարձակվողի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է ևս մեկ տարի։ Գերմանական ակումբն այլևս չի դիտարկում նրան վարձավճարով տրամադրելու տարբերակը և մտադիր է ֆուտբոլիստին վաճառել մշտական հիմունքներով։
«Գլադբախի» գլխավոր մարզիչը Ռանոսի հետ հույսեր չի կապում առաջիկա մրցաշրջանում։ Սակայն եթե համապատասխան առաջարկ չստացվի, հարձակվողը կմնա թիմում մինչև պայմանագրի ավարտը, որից հետո կկարողանա հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։