Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության, ուղղորդման և նրանց հետ իրականացվող աշխատանքների միասնական կարգ։
Ի՞նչ է սահմանում նախագիծը
Առաջարկվում է հաստատել կարգ, որը կսահմանի՝
- ինչպես պետք է հայտնաբերվեն բուլինգի դեպքերը,
- ինչպես պետք է պաշտպանվեն բուլինգի ենթարկված երեխաները,
- ինչպես պետք է կազմակերպվի նրանց ուղղորդումն ու հետագա աջակցությունը։
Բուլինգի դեպքերն ինչպե՞ս են հայտնաբերվելու․ ի՞նչ նոր պարտականություններ են նախատեսվում
Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման և նրանց հետ հետագա աշխատանքների իրականացման նպատակով Կազմակերպության ղեկավարը՝
1) պարբերաբար իրականացնում է բուլինգի դրսևորումների մշտադիտարկում՝ հաշվի առնելով երեխաների և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կարծիքը․
2) ապահովում է բուլինգի կանխարգելմանն ու հայտնաբերմանն ուղղված ներքին ընթացակարգերի ներառումը Կազմակերպության ներքին կարգապահական կանոններում․
3) կազմում է բուլինգի կանխարգելման և հայտնաբերման գործողությունների պլան, որը սահմանում է միջամտության քայլերը բուլինգի դեպքերում․
4) կազմակերպում է բուլինգի կանխարգելմանը և հայտնաբերմանն ուղղված հմտությունների ուսուցման գործընթացն աշխատողների համար․
5) երեխաներին տրամադրում է բուլինգի դեպքերի մասին հայտնելու մատչելի գործիքների վերաբերյալ տեղեկատվություն, ուսումնասիրում է հաղորդումները և երեխաներին տրամադրում տեղեկատվություն ձեռնարկված քայլերի վերաբերյալ.
6) սահմանում է Կազմակերպությունում բուլինգի դեպքերի հայտնաբերման, ուղղորդման և հետագա աշխատանքների կատարման համար պատասխանատու Երեխայի պաշտպանության թիմի (այսուհետ՝ Թիմ) կազմը և Թիմի համակարգողին։
Կազմակերպությունում թիմի, պատասխանատու համակարգողի, մանկավարժական և վարչատնտեսական անձնակազմի գործառույթներն են՝
Թիմը՝
ա. վերլուծում է հայտնաբերված և գրանցված բուլինգի դեպքերը՝ համագործակցելով մասնագիտացված սոցիալական աշխատողի հետ՝ դեպքի համակողմանի գնահատման նպատակով․
բ․ մշակում է միջամտության անհատական գործողությունների պլան: Պլանի մշակմանն ու իրականացմանը պարտադիր ներգրավվում է մասնագիտացված սոցիալական աշխատողը․
գ․ իրականացնում է երեխայի պաշտպանության պլանի կատարման մշտադիտարկում և արդյունավետության գնահատում՝ ապահովելով տեղեկատվության փոխանակումը ներգրավված բոլոր մասնագետների միջև.
Թիմի համակարգողը՝
ա․ վերհանում է անձնակազմի և ծնողների ուսուցման կարիքները բուլինգի կանխարգելման և հայտնաբերման ոլորտում․
բ․ տեղեկացնում է Կազմակերպության ղեկավարին բուլինգի հայտնաբերված դեպքերի և ձեռնարկված միջամտությունների մասին․
գ․ հետևում է բուլինգի հայտնաբերման միջոցառումների կիրառմանը և ապահովում կապը մասնագիտացված սոցիալական աշխատողի ու այլ աջակցող ծառայությունների հետ՝ ուղղորդման գործընթացը կազմակերպելու համար.
Մանկավարժական և վարչատնտեսական անձնակազմը՝
ա․ մանկավարժական անձնակազմը Կազմակերպությունում ձևավորում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջավայր։ Մանկավարժներն իրականացնում են ամենօրյա դիտարկումներ՝ նպատակ ունենալով վաղաժամ հայտնաբերել մեկուսացվածության նշաններ ունեցող կամ խոցելի վիճակում գտնվող երեխաներին, և ցուցաբերում են անհապաղ մասնագիտական աջակցություն խնդրահարույց և ենթադրյալ բուլինգի նշաններ պարունակող իրավիճակների բացահայտման սկզբնական փուլում․
բ․ վարչատնտեսական անձնակազմը հսկողություն է իրականացնում Կազմակերպության տարածքում՝ բուլինգի հնարավոր դեպքերը կանխելու նպատակով: Բուլինգի դեպքեր կամ դրա նշաններ հայտնաբերելիս անհապաղ միջամտում է բացասական վարքագիծը դադարեցնելու համար և դեպքի մասին անհապաղ տեղեկացնում Կազմակերպության ղեկավարին կամ Թիմի պատասխանատու համակարգողին։
Կազմակերպության հոգեբանը՝
ա․ ապահովում է բուլինգի հայտնաբերման, երեխաների ուղղորդման և աշխատանքների իրականացման գործընթացի մասնագիտական ուղեկցումը․
բ․ իրականացնում է խմբային հանդիպումներ՝ ուղղված երեխաների՝ ապրումակցման և կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտությունների զարգացմանը․
գ․ տրամադրում է անհատական և խմբային խորհրդատվություն բուլինգի ենթարկված երեխաներին և իրականացնում մասնագիտական աշխատանք բուլինգի դրսևորումներ իրականացնող երեխաների հետ․
դ․ աջակցում է մանկավարժներին և ծնողներին՝ մշակելու երեխայի հետ հաղորդակցման ճիշտ ռազմավարություն և հոգեբանական աջակցության մեթոդներ.
Մասնագիտացված սոցիալական աշխատողը՝
ա․ իրականացնում է բուլինգի դեպքերի վարումը, որպես երեխայի պաշտպանության դեպքի վարում․
բ․ կատարում է տնայցեր՝ երեխայի բնականոն միջավայրում ռիսկի գործոնների, որոնք կարող են նպաստել բուլինգային վարքագծին կամ երեխայի խոցելիությանը, հնարավոր հայտնաբերման համար․
գ․ ապահովում է երեխայի և նրա ընտանիքի կապն աջակցող ծառայությունների հետ (իրավաբանական օգնություն, սոցիալական ծրագրեր, առողջապահական և օժանդակ ծառայություններ, հոգեբանական օգնություն) և իրականացնում է ուղղորդում օրենքով սահմանված լիազորված մարմիններին․
դ․ բուլինգի կանխարգելման, վաղ հայտնաբերման և արձագանքման նպատակով՝ իրականացվում է շարունակական մշտադիտարկում երեխայի հետ առնչվող բոլոր անձանց, շահագրգիռ կողմերի և գործընկեր կազմակերպությունների շրջանակում։
Ինչպե՞ս են դպրոցներում և այլ կազմակերպություններում հայտնաբերելու բուլինգի դեպքերը։
Կազմակերպությունում բուլինգի դեպքերի հայտնաբերումն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
1) մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի, ինչպես նաև հոգեբանի կողմից երեխաների միջանձնային շփումների, վարքագծային կտրուկ փոփոխությունների և հուզական վիճակի ամենօրյա մշտադիտարկում.
2) բուլինգի դեպքերի մասին անանուն հայտնելու համար «Վստահության արկղեր»-ի կամ առցանց հարթակների ներդնելու միջոցով․
3) Թիմի կողմից՝ մեկուսացված կամ թիրախավորված երեխաներին հայտնաբերելու նպատակով հատուկ մշակված հարցազրույցների իրականացում.
4) վստահության մթնոլորտի ձևավորում, որտեղ երեխան իրեն անվտանգ է զգում հոգեբանին, մանկավարժին կամ Թիմի համակարգողին դիմելու՝ սեփական փորձառության կամ այլ երեխայի նկատմամբ կիրառվող բուլինգի հնարավոր դեպքի մասին պատմելու համար:
Հայտնաբերման գործընթացում երեխայի հետ աշխատող մասնագետն առաջնորդվում է հետևյալ ցուցիչներով՝
1) ֆիզիկական նշաններ. վնասվածքներ՝ քերծվածքներ, արյունազեղումներ, այտուցներ և այլն, հագուստի կամ անձնական իրերի պարբերական վնասում, կեղտոտում կամ կորուստ և այլն․
2) վարքագծային նշաններ. ուսման առաջադիմության անկում, Կազմակերպություն հաճախելուց հրաժարվելու փորձեր, մեկուսացում հասակակիցներից, երեխայի տարիքին ոչ հատուկ վարքի դրսևորում կամ հագուստի կրում և այլն․
3) սոցիալական նշաններ. միջանձնային հարաբերությունների վատթարացում, շփման դժվարություններ կամ կտրուկ փոփոխություններ ընտանիքի անդամների, հասակակիցների և մասնագետների հետ հարաբերություններում, սոցիալական միջավայրից մեկուսացում և այլն:
- 10․ Հայտնաբերված կամ ենթադրյալ բուլինգի յուրաքանչյուր դեպք գրանցվում է՝ պահպանելով անձնական տվյալների մշակման պաշտպանության սկզբունքները և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները:
- 11․ Հայտնաբերված կամ ենթադրյալ բուլինգի յուրաքանչյուր դեպք գրանցելուց հետո Թիմի համակարգողը 12 ժամվա ընթացքում իրազեկում է Թիմին և մասնագիտացված սոցիալական աշխատողին:
Ինչպե՞ս կարելի է հայտնել բուլինգի դեպքի մասին
Կազմակերպության ղեկավարն ապահովում է երեխաներին բուլինգի դեպքերի մասին հայտնելու բազմաբնույթ և մատչելի ձևերով, այդ թվում՝ վստահված անձանց անմիջական դիմելու, հեռախոսային կապի, կարճ տեքստային հաղորդագրության, էլեկտրոնային փոստի, թվային հաղորդակցման հարթակների և գրավոր հաղորդագրությունների հավաքման արկղի («վստահության արկղեր») միջոցով:
Կազմակերպության անձնակազմը բուլինգի դեպքերի հայտնաբերման նպատակով կիրառում է հետևյալ մեթոդները՝
1) Կազմակերպությունում տիրող սոցիալ-հոգեբանական մթնոլորտի պարբերական ուսումնասիրություն․
2) երեխաների վարքագծի անմիջական դիտարկում․
3) երեխաների և նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ կանոնավոր հաղորդակցության իրականացում:
- 14. Բուլինգի դեպքի կամ դրա սպառնալիքի մասին հայտնելու հետևյալ եղանակների վերաբերյալ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին տեղեկատվության տրամադրումն ապահովվում է Կազմակերպության կողմից՝
1) անհատական հանդիպման, հեռախոսային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով.
2) Կազմակերպության ղեկավարին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով.
3) խնամակալության և հոգաբարձության մարմնին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը, Մարդու իրավունքների պաշտպանին կամ օրենքով սահմանված այլ իրավասու մարմին դիմում ներկայացնելու միջոցով:
- Բուլինգի կամ ենթադրյալ բուլինգի դեպքերն արձանագրվում են բուլինգի կամ ենթադրյալ բուլինգի դեպքերի արձանագրման գրանցամատյանում (այսուհետ՝ Գրանցամատյան):
- Կազմակերպության իրավասու աշխատողները պարտավոր են ուսումնասիրել երեխաներից և ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից ստացված՝ բուլինգի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ անանուն ձևով ներկայացված:
- 17. Անանուն տեղեկատվության ուսումնասիրությունն իրականացվում է՝ առանց հաղորդողի ինքնությունը պարզելու նպատակ հետապնդելու: Ուսումնասիրության նպատակն է տեղեկատվության հավաստիության ստուգումը:
- Այն դեպքերում, երբ երեխան անանուն կերպով հայտնել է իր նկատմամբ դրսևորված բուլինգի մասին, Կազմակերպության իրավասու աշխատողները, առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ հաղորդողի ինքնությունը պարզելու նպատակով՝ բուլինգը դադարեցնելու և երեխային աջակցության ցուցաբերման կազմակերպման համար:
- Բուլինգի կամ ենթադրյալ բուլինգի դեպքի մասին հաղորդում ստանալուց կամ դեպքն ինքնուրույն հայտնաբերելուց հետո Կազմակերպության այն աշխատողը, որին վստահում են դեպքին ներգրավված երեխաները, իրականացնում է առաջնային անհատական զրույց՝ յուրաքանչյուր ներգրավված կողմի հետ առանձին, այդ թվում՝
1) բուլինգի ենթարկված երեխայի հետ․
2) բուլինգ իրականացրած երեխայի հետ․
3) բուլինգի դեպքի ականատես երեխաների հետ։ Սույն կետում նշված աշխատողն իր գործողությունները համաձայնեցնում է Թիմի համակարգողի հետ։
Թիմի կողմից իրականացվող բուլինգի կամ ենթադրյալ բուլինգի դեպքի նախնական գնահատում, որը ներառում է՝
1) բուլինգի դրսևորման արձանագրումը.
2) դրա տևողության և պարբերականության վերհանումը.
3) դեպքի հանգամանքները պարզելը.
4) դեպքի մասնակիցների դերերի բացահայտումը՝ բուլինգի ենթարկված երեխա, բուլինգի դրսևորումներ իրականացրած երեխա, բուլինգի դեպքի ականատես երեխա.
5) ներգրավված կողմերի հետ հետագա աշխատանքի ձևի ու մեթոդների որոշումը:
- Այն դեպքերում, երբ երեխայի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, Կազմակերպությունն անհապաղ հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն։
- Դեպքի ուսումնասիրման ընթացքում Թիմի անդամները սահմանում են դեպքին ներգրավված երեխաների հետ հաղորդակցման ձևն ու բովանդակությունը: Անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նեղ ոլորտային մասնագետներ:
- Թիմի անդամներն և համակարգողն իրավասու չեն կիրառել երեխայի նկատմամբ կարգապահական տույժ կամ ներգործության այլ միջոց:
Ի՞նչ հերթականությամբ են իրականացվելու գործողությունները բուլինգի դեպքի բացահայտումից հետո։
Բուլինգի դեպքերում աշխատանքներն իրականացվում են հետևյալ հաջորդական փուլերով՝
1) ենթադրյալ բուլինգի դեպքի կամ դրա սպառնալիքի նախնական վերհանում և դեպքի արձանագրում․
2) ստացված տեղեկատվության առաջնային գնահատում՝ ենթադրյալ բուլինգի դեպքի կամ դրա սպառնալիքի առկայությունը հաստատելու նպատակով․
3) բուլինգի կամ ենթադրյալ բուլինգի դեպքի փաստական հանգամանքների վերլուծություն․ պատճառահետևանքային կապերի համակողմանի վերլուծության փուլում փաստական հանգամանքների վերլուծության նպատակով կազմակերպվում և իրականացվում են հետևյալ անհատական զրույցները. ա) բուլինգի ենթարկված կամ ենթադրյալ ենթարկված երեխայի հետ.
բ) բուլինգ դրսևորած կամ ենթադրյալ դրսևորած երեխայի հետ։ Եթե բուլինգը դրսևորվել է մի քանի երեխայի կողմից, ապա անհատական զրույցն իրականացվում է յուրաքանչյուր երեխայի հետ առանձին.
գ) բուլինգի ականատես երեխայի հետ.
4) մասնագիտական աջակցության ցուցաբերման փուլում աջակցությունը բուլինգի դեպքի բոլոր ներգրավված կողմերի նկատմամբ իրականացվում է հետևյալ ձևերով․
ա) անվտանգության վերականգնում. աջակցությունն առաջնահերթ ուղղվում է բուլինգի ենթարկված կամ ենթադրյալ ենթարկված երեխայի անվտանգության զգացողության և հոգեբանական կայունության վերականգնմանը.
բ) ռազմավարության ընտրություն. ելնելով երեխաների տարիքային առանձնահատկություններից և բուլինգի դրսևորման ձևից՝ ընտրվում է երկարաժամկետ միջամտության առավել նպատակահարմար ռազմավարությունը.
5) երեխայի պաշտպանության վիճակի և ձեռնարկված միջոցառումների արդյունավետության շարունակական հսկողության փուլն իրականացվում է դեպքն արձանագրվելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում, շաբաթական կտրվածքով, բուլինգի դեպքում ներգրավված կողմերի հետ առանձին հանդիպումների ձևաչափով: Առաջընթացի գնահատման հիմնական ցուցիչներն են.
ա) բուլինգի դրսևորման վարքագծի լրիվ դադարեցումը կամ դրա կրկնության հաճախականության էական նվազումը.
բ) բուլինգի ականատես երեխաների կողմից բուլինգի ենթարկված երեխային գործուն աջակցության ապահովումը, ինչն արտահայտվում է երեխայի սոցիալական ներառմանն օժանդակության միջոցով.
6) բուլինգի դեպքի կարգավորման հաստատման և հետագա մշտադիտարկման փուլն ունի հետևյալ բաղադրիչները․
ա) դեպքի կարգավորման արձանագրում. դեպքը կարող է արձանագրվել որպես կարգավորված, եթե 30-օրյա մշտադիտարկման արդյունքում հաստատվել է կայուն դրական առաջընթաց, որը պահպանվել է նաև հաջորդող վեց ամիսների ընթացքում.
բ) բուլինգի դեպքի ուղղորդում. եթե Կազմակերպության կարողությունները բավարար չեն դեպքը պատշաճ կերպով կարգավորելու համար, դեպքն ուղղորդվում է համապատասխան իրավասու մարմիններին կամ կազմակերպություններին.
գ) ուղղորդման անհրաժեշտության դեպքում լրացվում է ենթադրյալ բուլինգի դեպքի ուղղորդման ձևաթուղթ, որում ներառվում է Դեպքի/վարքագծի համառոտ բնութագիր և փաստեր (բնույթը, ժամանակագրությունը), Կազմակերպության կողմից իրականացված գործողություններ և 30-օրյա մշտադիտարկման արդյունքները, ուղղորդման հիմնավորումը, նպատակը և ակնկալվող աջակցությունը և կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։
Ի՞նչ աջակցություն կստանան բուլինգի դեպքին ներգրավված երեխաները։
Բուլինգի դեպքի ուսումնասիրության ավարտից հետո Թիմը մշակում է գործողությունների անհատական պլան ներգրավված երեխաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ծնողների կամ այլ օրինակա համար: Պլանի բովանդակությունը քննարկվում է յուրաքանչյուր կողմի հետ:
Գործողությունների պլանը պարունակում է հետևյալ պարտադիր տարրերը՝
1) բուլինգի դեպքի համառոտ նկարագրությունը՝ ներառյալ ամսաթիվը, ժամը, վայրը, պարբերականությունը, մասնակիցների տվյալները, առաջացած հետևանքները.
2) յուրաքանչյուր ներգրավված կողմի համար սահմանված աջակցության նպատակները․
3) նախատեսված միջոցառումների համառոտ նկարագրությունը և դրանց իրականացման հաջորդականությունն ու ժամկետները․
4) յուրաքանչյուր միջոցառման աշխատանքների կատարման համար պատասխանատու մասնագետների տվյալները:
27. Ներգրավված երեխաներին ցուցաբերվող աջակցությունը ձևավորվում է անհատական մոտեցման հիման վրա՝ ելնելով յուրաքանչյուր երեխայի կոնկրետ կարիքներից և բուլինգային վարքագծի առաջացմանը նպաստած ռիսկի գործոնների նախնական գնահատման արդյունքներից:
Ինչպե՞ս են ծնողները տեղեկացվելու բուլինգի դեպքի մասին։
- Կազմակերպության իրավասու աշխատողը բուլինգի իրավիճակում ներգրավված երեխաների ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին տեղեկացնում է դեպքի մասին, ինչպես նաև ծանոթացնում է մշակված գործողությունների պլանի բովանդակության հետ:
- Բուլինգի դեպքում ներգրավված երեխաների ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ զրույցն անցկացվում է անհատական կարգով։
- Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ իրականացվող աշխատանքներում Կազմակերպությունը մեթոդաբանական աջակցություն է ցուցաբերում ուղղված՝ ծնողավարման դրական հմտությունների զարգացմանը։
Ինչպե՞ս է իրականացվելու և մշտադիտարկվելու բուլինգի դեպքերը
Բուլինգի դեպքերի կարգավորմանն ուղղված գործընթացների գնահատումն իրականացման նպատակներն են.
1) գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետություն.
2) գնահատման արդյունքների հիման վրա հետագա որոշումների կայացում և արձագանքման ռազմավարության բարելավում։
- Գործողությունների պլանը ենթակա է պարբերական վերանայման՝ ըստ սահմանված նպատակների: Այն դեպքերում, երբ սահմանված թիրախային նպատակները չեն իրականացվել կամ իրականացվել են թերի, մշակվում է գործողությունների վերանայված պլան՝ ուղղված իրավիճակի հաղթահարման նոր գործիքակազմի կիրառմանը: