Կառգրավվե՞ն Գագիկ Ծառուկյանի ձիերը – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցոթւյան առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերի առգրավումը, թեև նախատեսված էր այսօր, դեռ չի իրականացվել, լրագրողներին հայտնել է փաստաբան Հովհաննես Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ վարույթ իրականացնող մարմինը պաշտպանական կողմին չի տեղեկացրել, թե ինչու է հետաձգվել առգրավումը։

Փաստաբանը նշել է, որ քննիչի՝ կենդանիների առգրավման մասին որոշումը բողոքարկվել է, քանի որ, ըստ պաշտպանության, դրանք ընտանի կենդանիներ են և չեն կարող լինել քրեական վարույթի առարկա։

Նա նաև հայտնել է, որ ներկայումս տարածքում մնացել են 11 ձի և մեկ պոնի։ Վարդանյանի խոսքով՝ դրանք տոհմային կենդանիներ են, հատուկ խնամք են պահանջում, իսկ տեղափոխումը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց վիճակի վրա, քանի որ կենդանիները գտնվում են իրենց սովորական միջավայրում։

Անդրադառնալով առյուծների տեղափոխման դեպքին՝ փաստաբանը նշել է, որ պաշտպանական կողմը նախկինում առաջարկել էր կենդանիներին ճանաչել իրեղեն ապացույց և ի պահ հանձնել սեփականատիրոջ տնօրինմանը, սակայն վարույթ իրականացնող մարմինը նախընտրել էր դրանք տեղափոխել։

Վարդանյանը նաև նշել է, որ առգրավման որոշման բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտնել՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։ 

Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին նրան կալանավորել էին։ 

Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։

Leave a Comment