Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը։ Այն ուսումնասիրել է Iravaban.net–ը։ Նախագծով առաջարկվում է բարձրացնել նախադպրոցական կրթության ոլորտի մանկավարժներին տարակարգի համար տրվող հավելավճարների չափերը, ինչպես նաև վերանայել տարակարգի շնորհման կարգի մի շարք դրույթներ՝ խթանելով մանկավարժների մասնագիտական զարգացումն ու ոլորտի գրավչությունը։
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Նախադպրոցական կրթության ոլորտում մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմների ներդրման պահանջն ամրագրված է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում: Թեև ոլորտում տարակարգի շնորհման եռաստիճան համակարգը մեկնարկել է 2023 թվականից, սակայն գործող հավելավճարների չափերը (նվազագույն ամսական աշխատավարձի 30 և 40 տոկոսը) չեն ապահովել բավարար նյութական խթան և մանկավարժների շրջանում ցածր շահագրգռվածության պատճառ են դարձել:
Արդյունքում՝ 2026թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետության համայնքային նախադպրոցական հաստատությունների ընդհանուր մանկավարժական կազմից առաջին աստիճանի տարակարգ է ստացել 129 և 5-ը՝ երկրորդ աստիճանի տարակարգ: Դիմելիության ցածր ցուցանիշը վկայում է գործող խրախուսման մեխանիզմների վերանայման անհրաժեշտության մասին: Սույն նախագծով առաջարկվում է ավելացնել նախադպրոցական կրթության ոլորտի մանկավարժներին տարակարգի համար տրվող հավելավճարների չափերը: Նպատակն է՝ հանրակրթության և արտադպրոցական կրթության ոլորտներում ներդրված և իրենց արդարացրած գործիքակազմի օրինակով բարձրացնել համակարգի գրավչությունը, խթանել մանկավարժների դիմելիությունը և ապահովել նրանց վարձատրության շարունակական ու շոշափելի աճը, որով պայմանավորված՝ կբարձրանա նաև մասնագիտական զարգացման մոտիվացիան:
Նոր խմբագրմամբ է առաջարկվում շարադրել տարակարգի որոշ բնութագրիչներ՝ ինչը նպատակ ունի խուսափելու իրավակիրառ պրակտիկայում հանդիպած տարընկալումերից:
Գործող կարգի համաձայն՝ մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկված են «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամների մասնագետներ: Հաշվի առնելով, որ գործնականում նշված մասնագետների գործառույթները կրկնում են միմյանց (երկու կառույցի մասնագետներն էլ փորձաքննում են փաթեթները նույն կետերով)՝ նախագծով առաջարկվում է հանձնաժողովի կազմի վերանայում՝ հաշվառմամբ, որ կմեծացվի «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագետների շտեմարանը՝ ներառելով նոր մասնագետներ տարակարգի փաթեթների փորձաքննության համար, որոնց շարքերում կարող են լինել նաև Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոսները՝ հիմնադրամի՝ այդ նպատակի համար նախատեսված բյուջեի շրջանակներում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն: