Սերժ Սարգսյանի գործով դատաքննությունը կշարունակվի նոր դատավորի նախագահությամբ․ դատարանը որոշեց հետազոտել գործի ամբողջ նյութերը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը կշարունակվի նոր դատավորի՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Այսօր գործով հերթական նիստն էր։

Հիշեցնենք, որ դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունների դադարեցումից հետո գործը մակագրվեց դատավոր Սարգիս Դադոյանին։ Նոր դատավորը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց շարունակել դատաքննությունը այն փուլից, որտեղ այն ընդհատվել էր նախկին դատավորի նախագահությամբ։

Նիստի սկզբում դատարանը քննարկեց հիմնական դատաքննության ընթացքում հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը։

Պաշտպանական կողմը պնդեց, որ, հաշվի առնելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, գործը պետք է քննվի վերաքննիչ դատարանի սահմանած շրջանակներում։ Պաշտպանները նշեցին, որ առաջնահերթ պետք է քննվի քրեական հետապնդման օրինականության և դատավարական ժամկետների պահպանման հարցը, քանի որ այդ հարցի լուծումից կարող է կախված լինել նաև գործով հետագա ապացույցների գնահատման անհրաժեշտությունը։

Մեղադրանքի կողմը հայտարարեց, որ շարունակում է պնդել նախորդ դատական կազմին ներկայացված առաջարկը և առաջարկեց հետազոտել գործի բոլոր ապացույցները։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց հիմնական դատաքննության ընթացքում հետազոտել գործի ամբողջ նյութերը։ Դատարանը նշեց, որ նման որոշումը պայմանավորված է նաև Վերաքննիչ դատարանի արձանագրած հանգամանքներով և գործի բազմակողմանի ու օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Դատարանը սահմանեց, որ նախ կհետազոտվեն երկու վարույթներով գրավոր ապացույցները, այնուհետև կհարցաքննվեն վկաները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մեղադրյալները։

Դրանից հետո հանրային մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։

Մեղադրանքի համաձայն՝ Սերժ Սարգսյանին մեղսագրվում է 2013 թվականին պետական աջակցության դիզելային վառելիքի ծրագրի շրջանակում առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների վատնում կազմակերպելու, ինչպես նաև առանձին դրվագներով կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու վերաբերյալ մեղադրանքներ։ Նույն գործով մեղադրանքներ են առաջադրված նաև Բարսեղ Բեգլարյանին և գյուղատնտեսության նախկին պաշտոնատար անձանց։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, հայտարարեց, որ իր պաշտպանյալը չի ընդունել, չի ընդունում և չի ընդունելու իրեն առաջադրված մեղադրանքները։

Փաստաբանը հիշեցրեց, որ դիզելային վառելիքի գործարքի դրվագով առաջին ատյանի դատարանն արդարացման դատավճիռ էր կայացրել, իսկ Վերաքննիչ դատարանը, նրա խոսքով, նույնպես արձանագրել էր, որ Սերժ Սարգսյանի գործողություններում հանցակազմի բացակայության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հետևությունները համապատասխանում են իրականությանը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ գործը վերադարձվել էր նոր քննության՝ լրացուցիչ ապացույցներ հետազոտելու նպատակով։

Անդրադառնալով մյուս մեղադրանքին՝ Մակինյանը հայտարարեց, որ այն, իր գնահատմամբ, փաստական հիմքեր չունի և հիմնված է ենթադրությունների վրա։

Այնուհետև պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի Սերժ Սարգսյանի մասնակցությունը հետագա դատական նիստերին պարտադիր չլինի։ Պաշտպանները հիմնավորեցին, որ վերջինս գտնվում է ազատության մեջ, գործով պաշտպանության դիրքորոշումն ամբողջությամբ ձևավորված է, իսկ նրա իրավունքներն ու օրինական շահերը կարող են լիարժեք ներկայացնել պաշտպանները։ Միաժամանակ նրանք ընդգծեցին, որ անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանը պատրաստ է ներկայանալ դատարան։

Հանրային մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ։

Դատարանը բավարարեց միջնորդությունը և թույլատրեց, որ Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը գրավոր ապացույցների հետազոտման փուլում չմասնակցեն դատական նիստերին։ Միաժամանակ դատարանը պարզաբանեց, որ անհրաժեշտության դեպքում կամ կողմերից որևէ մեկի միջնորդությամբ նրանց մասնակցությունը կարող է ճանաչվել պարտադիր, և նրանք կհրավիրվեն դատարան։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15:30-ին, իսկ հաջորդը՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին։

Leave a Comment