Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու, այսօր լրագրողներին պատմեց «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի»՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներից մեկը։

«Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները։ Առ այսօր ոչ մի աշխատող խնդիր չի ունեցել՝ ժամանակին աշխատավարձերը ստացել են։ Ստուգումներ եղել են, բայց գործարանն աշխատել է։ Երբևիցե այսպիսի դեպք չի եղել։

Բոլորս էլ գիտենք, որ այս գործարանը պայթյունավտանգ է, սպիրտի պաշարներ ունենք։ Գործարանը կամաց-կամաց ոչնչացման եզրին է։ Մեր խնդրանքն է, որ հարցին լուծում տան, մենք գանք, աշխատենք։ Մենք գոհ ենք պայմաններից էլ, սպասարկումից էլ, աշխատանքից է։ Ոչ մի խնդիր չենք ունեցել։ Մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում, որովհետև վարկեր ունենք, տուն ենք պահում։ Խնդրում ենք՝ գան, մեզ պատասխանեն, թե ինչու ենք այստեղ, ինչքան է այսպես շարունակվելու»,-ասաց անվտանգության աշխատակից ներկայացած տղամարդը։

Մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ նման շոգի պայմաններում գործարանում կարող են խնդիրներ առաջանալ՝ սպառնալով երևանցիների անվտանգությանը։ Ըստ նրա՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում տարբեր արտադրամասներում կարող է սպիրտի արտահոսք սկսվել, պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել։

«Անհիմն փակել են գործարանը։ 15 տարի է՝ աշխատում եմ, միշտ եղել են ստուգումներ, բայց աշխատանքն իր հունով ընթացել է։ Մենք դեմ չենք, թող ստուգումներ իրականացնեն, բայց բացեն գործարանը»,- ասաց տղամարդը։

Leave a Comment