«Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներ

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն արդեն մեկ շաբաթ է չի աշխատում։ Գործարանի սեփականատերն է ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը, ով կալանավորված է։   Ինչպես Ծառուկյանին պատկանող մի շարք այլ ընկերություններ, գործարանը նույնպես իրավապահների կողմից կապարակնքվել է և աշխատանքը դադարեցված է։

«Գործարանը պետք է բացվի։ Առաջինը պետք է մտածեն ժողովրդի մասին։ Վատ վիճակում ենք, բոլորը վարկեր ունեն։ Մեկ շաբաթ է չենք աշխատում, պարզ էլ չէ, թե ինչքան դեռ պետք է փակ լինի։

Մեր խնդրանքն է՝ լսել ժողովրդին, աջակցել, ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չէ, պետք չէ մուռը ժողովրդից հանել։ 500 հոգի +1500 հոգի սոված են թողնում, պարտքերի մեջ»,- ասաց ակցիայի մասնակից աշխատակիցներից մեկը։

Մյուս աշխատակիցը նույնպես նշեց, որ վարկեր ունեն և այսպես շարունակվելու դեպքում՝ չգիտի,  թե ինչպես են կարողանալու վճարում կատարել։

«Մեր փոխարեն այդ մուծումներն ո՞վ է անելու։  Բանվորն ի՞նչ մեղք ունի այս ամենի համար։ Թող արագ լուծում տան, մենք էլ անցնենք մեր սովորական աշխատանքին։

Ուզում եմ իմանալ՝ կառավարությունն ի՞նչ է մտածում։ Երևի միակ մարդն է աշխարհում, որ պարտք,  վարկ չունի, չի մտածում հասարակ մարդկանց մասին, բա մենք ի՞նչ մեղք ունենք ու մեզ նման  1000-ավոր աշխատողներ։

Եթե երկար փակ մնա, մենք փողոցները կփակենք, չի կարող այսպես շարունակվի»,- նշեց գործարանի աշխատակիցը։

Նա ասաց, որ 8 տարի աշխատում է, ոչ մի օր չի եղել աշխատավարձի ուշացում, որևէ վատ բան չեն նկատել Գագիկ Ծառուկյանի կողմից, շնորհակալ են նրան այս դժվարին պահին իրենց աշխատանքով ապահովելու համար։

Leave a Comment