ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական թիրախների, իսկ Թեհրանը պատասխանել է տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռային և անօդաչու հարձակումներով, հայտնել է Reuters-ը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), հայտնել է, որ հուլիսի 12-ին հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին, առափնյա ռադարներին, հրթիռային և անօդաչու կարողություններին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոքր նավերին։ Գործողությանը մասնակցել են կործանիչներ, ռազմածովային ուժերի նավեր, օդային և ծովային հարվածային անօդաչուներ։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ հուլիսի 13-ի հարվածներ են գրանցվել Հորմոզգան, Խուզեստան և Մարքազի նահանգներում, ինչպես նաև Սիստան և Բելուջիստան նահանգում։ Առնվազն երկու մարդ զոհվել է։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատասխան հարվածներ են հասցրել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Օմանում ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իրանական կողմի պնդմամբ՝ թիրախավորվել են Patriot ՀՕՊ համակարգեր, զինամթերքի պահեստներ, ռադարներ և կապի համակարգեր։
Հուլիսի 13-ին Բահրեյնում մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել, իսկ Քուվեյթը հայտնել է հարձակման միջոցների որսման մասին։ Հորդանանի զինված ուժերի տվյալներով՝ երկրի ՀՕՊ-ը խոցել է իրանական չորս հրթիռ, զոհեր և ավերածություններ չեն եղել։
Փոխադարձ հարվածների ֆոնին Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը նվազել է վերջին հինգ շաբաթվա նվազագույն մակարդակին։ Հուլիսի 12-ին նեղուցով անցել է վեց նավ, իսկ հանգստյան օրերին հեղուկացված բնական գազ տեղափոխող նավերի անցում չի արձանագրվել։
ԱՄՆ-ն պնդում է, որ Հորմուզի նեղուցը բաց է միջազգային նավագնացության համար, մինչդեռ Իրանը հայտարարել է, որ վերահսկում է նեղուցը և առանց թույլտվության երթևեկող նավերը կարող են կանգնեցվել։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Օդային հարվածների հետևանքով զոհվել էր նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման ստորագրել էին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման հուշագիր։
ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել են փոխադարձ հարվածները։ Իրանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Հորմուզով անցումը կվերսկսվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։
