Հորդանանի ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված չորս հրթիռ

Հորդանանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարության մեջ նշել է, որ Հորդանանի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանի տարածքից արձակված չորս հրթիռ։

«Հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ որսացել և ոչնչացրել են Հորդանանի օդային տարածքում երկուշաբթի վաղ առավոտյան հայտնաբերված չորս հրթիռներ, որոնք արձակվել էին Իրանի տարածքից», – մեջբերում է հորդանանյան Petra լրատվական գործակալությունը հայտարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թագավորական ինժեներական կորպուսի ստորաբաժանումները հայտնաբերել և չեզոքացրել են հրթիռային բեկորներ երկրի մի քանի շրջաններում։ Զինվորականները շրջափակել են հարվածի վայրերը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։

Իրանի զինված ուժերը պատասխանել են Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։

Leave a Comment