«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կալանավորումը դարձել է քաղաքական ուժի դեմ «տոտալ հարձակման» մաս և կապված է իր դեմ հարուցված քրեական գործի հետ։ Այս մասին նա հայտնել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած ուղերձում, որը հրապարակվել է Facebook-ում։
Թևանյանի խոսքով՝ Քննչական կոմիտեն գործ «կարելու» հրահանգ է ստացել և կատարել այն։
«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել» է։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների», – հայտարարել է քաղաքական գործիչը։
Թևանյանը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ իրավապահները խուզարկել էին «Մայր Հայաստան»-ի վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։
Նրա պնդմամբ՝ ընդդիմության հետապնդումը կապված է իշխանությունների կողմից Հայաստանի հաշվին նոր զիջումների նախապատրաստման հետ։ Նա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է, իր ձևակերպմամբ, «թուրք-ադրբեջանական օրակարգը» սպասարկելու մեջ՝ հայտարարելով, որ դրա համար իշխանությունները ամայացնում են քաղաքական դաշտն ու կալանավորում իրենց ընդդիմախոսներին։
«Այս ամենը հարձակում չէ առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձանց դեմ։ Սա հարձակում է հայկական պետականության, մեր արժեքների ու բոլորիս դեմ», – հայտարարել է նա։
Քաղաքական գործչի կարծիքով՝ «Արցախի ճակատագրից» խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։
Ընդդիմադիր գործիչը նաև հիշեցրել է, որ վերջին ճեպազրույցում Փաշինյանն արդեն անոնսավորել է առաջիկա զիջումները և փորձել նախապես դրանց պատասխանատվությունը դնել Հայաստանի այն քաղաքացիների վրա, որոնք քվեարկել են իր օգտին։
Թևանյանը պետական դավաճանության գործով մայիսի 23-ին կալանավորվել էր երկու ամսով։ Քրեական հետապնդումը սկսվել էր Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով և, որ իշխանությունները «արմատախիլ են անելու լրտեսական ցանցը»։ Մանուկյանն իր հերթին կալանավորվել էր հուլիսի 9-ին՝ երկու ամսով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։
