Ի՞նչն է մարդուն դարձնում արվեստագետ։ Արդյո՞ք այդ ճանապարհը սկսվում է առաջին նկարչական դասից, թե շատ ավելի վաղ՝ այն պահին, երբ երեխան փորձում է իր աչքով տեսած աշխարհը վերարտադրել առաջին գծերով։ Երբեմն բավական է մեկ պատկեր, մեկ տպավորություն կամ բնության մեկ գույն, որպեսզի մարդու ներաշխարհում ծնվի ստեղծագործելու անսպառ ցանկությունը։ Այդ ցանկությունն է տարիների ընթացքում վերածվում կոչման՝ ձևավորելով արվեստագետի մտածողությունը, ձեռագիրը և աշխարհընկալումը։ Իսկ արվեստի ճանապարհը երբեք չի ավարտվում․ յուրաքանչյուր ավարտված կտավ նոր որոնման սկիզբ է, յուրաքանչյուր ձեռքբերում՝ հերթական բացահայտման հնարավորություն։
Նկարիչ Սյուզաննա Մկրտչյանի համար արվեստը ոչ միայն ստեղծագործելու միջոց է, այլև ինքնաճանաչման և աշխարհը հասկանալու ճանապարհ։ Նրա համոզմամբ՝ մանկությունից մարդուն տրված շնորհը պետք է պահպանել և զարգացնել, քանի որ հենց այդ առաջին ձգտումներն են դառնում ապագա արվեստագետի ստեղծագործական աշխարհի հիմքը։
Նա պատմում է, որ դեռ մանկուց շրջապատող աշխարհն ընկալում էր պատկերների միջոցով։ Այն, ինչ տեսնում էր իր շուրջը, փորձում էր վերարտադրել ձեռքի տակ եղած ցանկացած նյութով՝ մատիտներով, կավիճներով կամ պարզապես այն ամենով, ինչ հասանելի էր տվյալ պահին։ Գրքերի էջերը, թղթի կտորներն ու անգամ պատերը վերածվում էին առաջին ստեղծագործությունների, իսկ նկարելու հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելի էր խորանում։ Ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունը դարձավ գիտակցված ընտրություն, և արվեստն այն ճանապարհը, առանց որի նա այլևս չէր պատկերացնում իր կյանքը։
Սյուզաննա Մկրտչյանի ստեղծագործական աշխարհում առանձնահատուկ տեղ ունի բնությունը։ Նրա խոսքով՝ հենց բնությունն է ամենամեծ ուսուցիչը, քանի որ այնտեղ ամեն ինչ ներդաշնակ է՝ գույնը, ձևը, լույսն ու շարժումը։ Մանկության տարիներին տեսած պատկերներն աստիճանաբար նստվածք են տալիս մարդու հիշողության մեջ և տարիների ընթացքում վերածվում ստեղծագործական մտածողության։ Այդ տպավորություններն են հետագայում արտացոլվում կտավների վրա՝ երբեմն նույնիսկ անգիտակցաբար։
Նկարչուհու համոզմամբ՝ գեղանկարչությունը միայն զգացմունքների արտահայտություն չէ։ Այն նաև գիտելիք է, ուսումնասիրություն և մշտական աշխատանք։ Արվեստագետը պետք է ճանաչի մարդու կառուցվածքը, բնության օրինաչափությունները, ձևն ու համամասնությունները, քանի որ ակադեմիական կրթությունն այն ամուր հիմքն է, որի վրա ձևավորվում է ստեղծագործական ազատությունը։ Սակայն, ինչպես նշում է նա, տեխնիկական հմտությունը երբեք չի կարող փոխարինել ներքին զգացողությանը։ Եթե ստեղծագործության մեջ բացակայում է հուզական շերտը, այն կորցնում է իր կենդանությունը։
Հենց այդ պատճառով Սյուզաննա Մկրտչյանը չի տարանջատում միտքն ու զգացողությունը։ Նրա համոզմամբ՝ արվեստում այդ երկուսը պետք է ներդաշնակորեն համադրվեն։ Միտքը ձևավորում է ստեղծագործության կառուցվածքը, իսկ զգացողությունը նրան տալիս է հոգի։ Միայն այդ հավասարակշռության դեպքում է հնարավոր ստեղծել այնպիսի աշխատանք, որը ոչ միայն տեսանելի է, այլև զգալի։
«ԶԱրտ» մշակութային նախագիծը շարունակում է ներկայացնել հայ արվեստագետների ստեղծագործական աշխարհը՝ բացահայտելով նրանց կյանքի ուղին, արժեքներն ու արվեստի մասին պատկերացումները։ Նախագիծը հնարավորություն է տալիս ճանաչելու արվեստագետներին ոչ միայն նրանց ստեղծագործությունների, այլև նրանց մտածողության, փորձառության և ստեղծագործական փիլիսոփայության միջոցով՝ ձևավորելով մշակութային կենդանի երկխոսություն։
Դիմանկար ստեղծելիս նկարչուհին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարդու ներաշխարհին։ Նրա համար կարևոր չէ միայն արտաքին նմանությունը․ յուրաքանչյուր դիմանկար պետք է փոխանցի նաև բնավորությունը, հոգեվիճակն ու անհատականությունը։

Այդ պատճառով աշխատանքի ընթացքում նա միշտ զրուցում է բնորդի հետ՝ փորձում հասկանալ նրա աշխարհայացքը, մտքերը, երազանքներն ու նպատակները։ Նրա խոսքով՝ հենց այդ անմիջական շփումն է օգնում կտավի վրա արտահայտել ոչ միայն մարդու դեմքը, այլև նրա էությունը։
Ստեղծագործական ճանապարհին կարևոր դեր են ունեցել նաև ուսանողական տարիները։ Այդ շրջանում նա հաճախ էր ինքնանկարներ ստեղծում՝ վստահ լինելով, որ արվեստագետը նախ պետք է ճանաչի ինքն իրեն։ Սեփական ներաշխարհի, ապրումների և մտածողության ուսումնասիրությունը, նրա կարծիքով, հնարավորություն է տալիս ավելի խորությամբ հասկանալ նաև շրջապատող մարդկանց։ Իսկ արվեստագետի առաքելությունը միայն ստեղծագործելը չէ, այլ նաև մարդկանց ճանաչելը, նրանց հետ հաղորդակցվելն ու կյանքի հանդեպ ավելի զգայուն դառնալը։
Իր գեղարվեստական ձեռագիրը Սյուզաննա Մկրտչյանը բնորոշում է որպես ռեալիզմի և ռոմանտիզմի համադրություն։ Նա իրեն համարում է ռեալիստ նկարիչ, սակայն համոզված է, որ արվեստը չի կարող սահմանափակվել միայն իրականության ճշգրիտ վերարտադրմամբ։ Ռոմանտիկական զգացողությունն այն նուրբ շերտն է, որը ստեղծագործությանը հաղորդում է հուզական խորություն։ Այդ զգացողությունը, նրա համոզմամբ, չի կարող արհեստական լինել․ այն պետք է լինի բնական, անկեղծ և բխի արվեստագետի ներաշխարհից։