Մոսկվայում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի դեսպանատների գործերի ժամանակավոր հավատարմատարները պնդում են, որ Բալթյան երկրների իշխանությունները Կիևին թույլտվություն չեն տվել օգտագործել իրենց օդային տարածքը՝ Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար։
«Գործերի ժամանակավոր հավատարմատարները հստակորեն կրկնել են, որ Բալթյան երկրները չեն բացել իրենց օդային տարածքը Ռուսաստանում գտնվող թիրախների վրա հարձակումների համար», – ասվում է դիվանագետների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության կայքում։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հուլիսի 4-ին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Լատվիան և Բալթյան մյուս երկրներն արդեն իսկ օդային միջանցքներ են տրամադրել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վրա օդային հարվածների համար։
Նա պնդել է, որ Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ իրենց տարածքը բացելով Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։