
Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին: Իշխանությունները հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի չորս շրջաններին հասցված հարվածների մասին: Վերջին տվյալներով՝ տուժել է 11 մարդ, այդ թվում՝ 11-ամյա տղա:
Հարվածներին հաջորդել են հրդեհներ, ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ ոչ բնակելի շինություններում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարձակումների թիրախները անօդաչու թռչող սարքերի արտադրությունում ներգրավված ռազմական արդյունաբերության ձեռնարկություններն էին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով նոր հարձակումները մայրաքաղաքի վրա, հայտարարել է. – «Գործընկերներից սպասում ենք մեր մարդկանց պաշտպանության համար աջակցության փաթեթների խոստումների իրականացում, որոնց շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Պետք է հնարավորինս արագ շարժվել Patriot-ների արտոնագրերի և բալիստիկ հրթիռների դեմ համատեղ եվրոպական նախագծի վերաբերյալ համաձայնությունների ուղղությամբ»:
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը Ռուսաստանն արձակել է ընդհանուր առմամբ 12 հրթիռ, այդ թվում վեցը՝ բալիստիկ, և 100 անօդաչու թռչող սարք: Հաջողվել է խոցել երկու հրթիռ և գրեթե բոլոր անօդաչուները: Անկախ աղբյուրներից տվյալներ չկան:
Ռուսական զինուժը վերջին տասն օրերին արդեն երրորդ անգամ է բալիստիկ հրթիռներով հարձակվում Կիևի վրա: Նախորդ երկու հարձակումների ժամանակ՝ հուլիսի լույս 2-ի և լույս 6-ի գիշերները, ավերվել են բնակելի շենքեր, զոհվել է ընդհանուր թվով շուրջ վեց տասնյակ մարդ: