Ֆելիքս Բախչինյան. Հայաստանը Ֆրիտյոֆ Նանսենի հետ կամրջողը

Երջանկահիշատակ գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը 60-ից ավել գրքերի եւ բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է:

Նա վախճանվել է 2024 թվականին, բայց, ինչպես «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտ-հիմնադրամի գործադիր տնօրեն Հայարփի Խաչատրյանն է նշում, նրա գրառումների տետրը դեռ կա, որտեղ կետ առ կետ ծրագրել էր անելիքները: Այդ գրառումներով էլ առաջնորդվում են ու Ֆելիքս Բախչինյանի նախագծերն իրականացնում:

Թեքեյան մշակութային միությունը կազմակերպել էր Ֆելիքս Բախչինյանի հիշատակի երեկո, որի ընթացքում ցուցադրվեց գրողի հետ ծավալուն հարցազրույց, գրականագետները ներկայացրին նրա գրական գործունեությունը, պատմեցին հուշեր:

Ֆելիքս Բախչինյանի շնորհիվ Հայաստանում շատերը խորությամբ ճանաչեցին նորվեգացի անվանի բեւեռախույզ, հայ ազգի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին:

Հայարփի Խաչատրյանը պատմեց, որ անգամ նորվեգացիներն են զարմացել, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել Ֆելիքս Բախչինյանը՝ բազմակողմանիորեն ուսումնասիրելով եւ ներկայացնելով բեւեռախույզի գործունեության ոլորտները:

Բախչինյանի սցենարներով  ֆիլմեր են նկարահանվել Նանսենի մասին: Նա  հիմնադրել է Նանսենի թանգարանը:

Օտար ազգերի գրականության  ու մշակույթի թարգմանն է եղել Ֆելիքս Բախչինյանը՝ Հայաստանը կամրջելով աշխարհի տարբեր երկրների հետ: Երիտասարդ տարիներին սովորել էր Վիլնյուսի պետական համալսարանում եւ ուսումնասիրել հայ-լիտվական գրական-մշակութային կապերը:   Ֆելիքս Բախչինյանը Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ էր, արժանացել է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակի, ստացել պետական, հասարակական, գրական բազմաթիվ պարգեւներ ու մեդալներ:

Leave a Comment