Պետերբուրգաբնակ գեղանկարիչ, գծանկարիչ, տիկնիկագործ եւ խեցեգործ Էլինա Գրիգորյանի ինքնատիպ գեղարվեստական աշխարհում միահյուսվել են հեքիաթային պատկերացումները, քրիստոնեական խորհրդաբանությունն ու արեւելյան գունային ավանդույթները:
Ծնվել է 1964 թվականին, Բաքվում: Մանկությունից շրջապատող արեւելյան զարդանախշերի հարստությունն ու ժողովրդական արվեստի գունային մշակույթը ձեւավորել են նրա գեղագիտական ճաշակն ու ապագա ստեղծագործական մտածողությունը: 1986-ին Էլինան ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստա-գծանկարչական բաժինը: 1988 թվականին հաստատվել է Ռուսաստանում, որտեղ դասավանդել է եւ շարունակել ստեղծագործական գործունեությունը:
Էլինա Գրիգորյանի արվեստը ճանաչելի է իր վառ անհատականությամբ եւ ինքնուրույն պատկերային լեզվով: Նրա նկարներում գերիշխում է հագեցած, դեկորատիվ գունաշարը, որի միջոցով ծնվում է իրականության եւ երեւակայության սահմանները հատող բանաստեղծական աշխարհ: Հարավային խառնվածքը, կենսասիրությունն ու լույսի զգացողությունը նրա արվեստին հաղորդում են առանձնահատուկ ջերմություն եւ անմիջականություն: Առաջին հայացքից Էլինայի նկարները կարող են թվալ պարզ ու մանկական անմիջականությամբ կատարված, սակայն այդ պարզության ներքո բացահայտվում են փիլիսոփայական շերտեր, կերպարների ներքին ներդաշնակությունն ու գունային մտածված կառուցվածք:
Էլինա Գրիգորյանի ստեղծագործության կարեւոր ուղղություններից են աստվածաշնչյան թեմաները, որոնց նա մոտենում է ոչ թե որպես ավանդական պատկերագրության վերարտադրության, այլ՝ որպես անձնական հոգեւոր փորձառության արտահայտության:
Նկարչուհին եղել է Ռուսաստանի եւ արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից: Ստեղծագործությունները պահպանվում են թանգարաններում եւ տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում :
Էլինա Գրիգորյանը անժամանակ կյանքից հեռացավ անցած հունիսի 29-ին՝ թողնելով գունեղ, լուսավոր եւ խորապես մարդասիրական արվեստի հարուստ ժառանգություն:
Ա. Բ.