Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) դուրս չեն գա անվտանգության գոտուց այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հրեական պետության հյուսիսում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արել է Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների ավարտական արարողության ժամանակ։
«Մենք (Իսրայել – խմբ.) կմնանք Լիբանանի հարավում անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսային համայնքների անվտանգությունն ապահովելու համար», – ասել է Նեթանյահուն։ ԻՊՈւ մամուլի ծառայությունը հեռարձակել է վարչապետի խոսքերը։
Հուլիսի 8-ին, Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Իսրայելը մտադիր է դուրս բերել իր ուժերը Լիբանանի հարավից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բացատրել է, որ այս հարցի շուրջ «կա համաձայնություն» և «սա է վերջնական նպատակը»։
Հունիսի 26-ին Լիբանանը և Իսրայելը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո անցկացված հինգ փուլերի բանակցություններից հետո։ Համաձայնագրի համաձայն՝ Լիբանանի զինված ուժերը աստիճանաբար կվերականգնեն «երկրի ամբողջ տարածքի վրա արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը»։ Ոչ կառավարական խմբավորումները կզինաթափվեն, իսկ նրանց ռազմական ենթակառուցվածքները՝ կապամոնտաժվեն, ինչը կհարթի ճանապարհը իսրայելական զորքերի հարավային Լիբանանից դուրսբերման համար։