«Radar-Զրույցի» այսօրվա հյուրն է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը։
Գնահատելով Հայաստանում հետընտրական քաղաքական մթնոլորտը՝ Միսկարյանը նշեց․
«Անկեղծ ասած, այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, ընտրությունների հետ կապելը, կարծում եմ, տեղին չէ։ Իհարկե, ընտրությունները հետևանքներ ունեցել են ընտրական գործընթացների վրա, բայց եթե խոսենք ամենաաղմկահարույց իրադարձությունների մասին, օրինակ, Գագիկ Ծառուկյանի ձերբակալության, նրա տան «գազանանոցն» ազատագրելու կամ այդ խրտվիլակների պատմության, ապա դրանք, կարծում եմ, ավելի շատ ուղղված են Հայաստանում կապիտալի ազգայնացմանը։ Գործող իշխանությունները, իմ խորին համոզմամբ, հասկանում են, որ Հայաստանում ռեսուրսները շատ չեն, և եթե կապիտալն աշխատում է ի վնաս Հայաստանի ինքնիշխանության (իսկ մենք դա տեսել ենք), ապա այդպիսի կապիտալով պետության մեջ ինքնիշխանությունը պահելն անհամեմատ ավելի դժվար է»։
Միսկարյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի դեմ գործողություններն ուշացած էին․
«Կապիտալը պետք է ծառայի պետությանը, պետական շահին։ Երբ փողի տերը քո պետության մեջ այլ պետության շահերն է առաջ տանում, լոբբինգ անում և խոչընդոտում իրավական պետության կայացմանը, նաև տարածում արժեքներ, որոնք անմարդկային են։ Վայրենություն է այդքան կենդանիներ սպանելն ու, մի հատ էլ, դրանով հպարտանալը, որ բոլորին ինքն է կրակել։ Անմարդկային է․ օրինականությանը չի՞ ծառայում, բայց մատղաշ սերունդը նայում է ու ասում՝ փաստորեն, հարուստ և ապահով լինելու համար պետք է նաև վայրենի լինել»։
Միսկարյանի խոսքով՝ գործողությունները պետք է ավելի շուտ արվեին։
Հարցին՝ հետընտրական լարվածություն կլինի՞, թե՞ ոչ, Միսկարյանն ասաց․
«Ինչ-որ գործողություններ, անշուշտ, տեսնելու ենք, որովհետև չեն կարող չանել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
