Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թթ․ ծրագրում։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը, դեռևս 2026 թ. մարտին Կառավարության որոշմամբ զգալի ընդլայնվել է ծրագիրը։ Այն վերաբացվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած կամ այդ նույն նպատակով 01.01.2024-01.05.2025 թթ․ ժամանակահատվածում հողամաս ձեռք բերած շահառուների համար։ Միաժամանակ, ծրագիրը վերաբացվել է և նոր քվոտաներ են սահմանվել այն սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ բնակչության և ծրագրի փաստացի շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից, ինչպես նաև այն ոչ սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։
Արտյոմ Սմբատյանը տեղեկացրել է, որ այս պահին ծրագրով առկա է 3820 քվոտա։ Ըստ նրա՝ հուլիսի 1-ի դրությամբ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ է ստացել 3222 ընտանիք, որից 2695-ն արդեն վարկավորվել է, իսկ 356-ը՝ ներկայացրել ավարտական ակտ։
Կառավարության այսօրվա որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց: Որոշմամբ նաև առաջարկվում է կարգավորել այն դեպքերը, երբ շահառուները ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում գտնվել են պարտադիր զինվորական ծառայության մեջ և փաստացի չեն բավարարում այդ ժամանակահատվածում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին։ Այս դեպքում առաջարկվում է տվյալ բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքը ստուգել նախքան զորակոչվելը նախորդ 1 տարվա համար։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և նշել, որ Սահմանամերձ գյուղերի և 16 միլիոնի ծրագիրն ակնհայտորեն ունի սոցիալական նշանակություն, որը կարող է նաև նպաստել հետագայում այդ մարդկանց պարտավորությունների պատշաճ կատարմանը։