Ժամկետային զինծառայողը մեղադրվում է համածառայողին վիրավորելու և բռնություն գործադրելու համար

2026 թվականի հուլիսի 8-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործ երկու պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ։ Ըստ մեղադրանքի՝ զինծառայող Մ․Պ․-ն, խախտելով զինվորական ծառայության կանոնները, նախ վիրավորել է շարքային Մ․Դ․-ին, ապա ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ։ Գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ 

Դեպքի հանգամանքները

Մ․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ զորամասի պարտադիր ժամկետային զինծաառայող, կոչումով՝ շարքային, 2026 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ի սահմաններում, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ, 158-րդ և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունները կարգավորող կանոնները պարտավոր լինելով բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, հարգել յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իրենց և այլ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, հարգանք տածել միմյանց նկատմամբ, վիրավորանք է հասցրել նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծաառայող, շարքային Մ․Դ․-ի հասցեին հնչեցնելով «գնա այստեղից այ լակոտ» արտահայտությունը՝ այդ կերպ նվաստացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, այնուհետև խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ, 158-րդ և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածներով նախատեսված զինվորական հարգանքի, վարքի և կարգուկանոնի պահանջները՝ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության պայմաններում, բռնություն է գործադրել շարքային Մ․Դ․-ի նկատմամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ։

Մ․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 521-րդ հոդվածի 1-ին մասով և 524-րդ մասի 1-ին մասով։ 

Մեղադրյալի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվել է զինվորական հսկողություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment