
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձերբակալվել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։
Իրավապահները դեռ չեն պարզաբանում, թե ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Մանուկյանը։
Ավելի վաղ նրան բերման ենթարկելու մասին ահազանգել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Արեգնազ Մանուկյանը ավելի վաղ հարցաքննվել էր Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում։ Մինչ այդ Քննչական կոմիտեն խուզարկել էր նրա բնակարանը, ապա կանչել հարցաքննության՝ որպես վկա։
ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը կալանավորված է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Իրավապահների պնդմամբ՝ նա Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցել օտարերկրյա գործակալի։
Խոսքը, ըստ իրավապահների, 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում սահմանազատման թեմայով անցկացված փակ նիստի մասին է։ Մանուկյանը պնդել է, որ չի հիշում՝ մասնակցել է այդ փակ նիստին, թե ոչ, և գործը որակել է քաղաքական հետապնդում։