Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում Արծրուն Հովհաննիսյանի նշանակմանը՝ քննադատելով նրա նախկին հայտարարությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաբերյալ։
Զախարովան նշել է, որ ուշադրություն են դարձրել Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը և հիշեցրել, որ նա նախորդ տարի «սադրիչ հայտարարություններով» էր հանդես եկել հայկական հեռուստատեսությամբ՝ մայիսի 9-ին՝ Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձի օրը։
«Մասնավորապես, նա փաստացի ափսոսանք էր հայտնել 1943 թվականին Ստալինգրադի ճակատամարտում վերմախտի զորքերի պարտության կապակցությամբ, ինչպես նաև պնդել էր, որ նացիստական Գերմանիայի պարտությունը խոչընդոտել է Հիտլերի՝ իբր անկախ «Մեծ Հայաստանի» ստեղծման ծրագրերի իրականացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա մայիսին Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված բաց նամակում, ինչպես նաև բարձր մակարդակի շփումների ընթացքում ռուսական կողմը հայկական կողմին ընդգծել էր նման հայտարարությունների անթույլատրելիությունը։
«Ընդգծել ենք հայկական կողմին նման կերպ մեր ընդհանուր Հաղթանակի հիշատակի պղծման բացարձակ անթույլատրելիությունը։ Ի պատասխան՝ մեզ հայտարարվեց, որ դա, իբր, «անձնական կարծիք» է, որը չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի պետական մարմինները հրապարակային դաշտում որևէ կերպ չարձագանքեցին այդ աղմկահարույց հայտարարություններին»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Արծրուն Հովհաննիսյանի նշանակումն ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնում «ստիպում է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների մոտ նման «կարծիքն» այժմ հարգի է»։
«Կարծես թե Երևանը, ձգտելով դեպի «լուսավորյալ» Եվրոպա, միաժամանակ պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ Արևմուտքի համար անհարմար պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը»,- հայտարարել է Զախարովան։
Նրա պնդմամբ՝ Եվրոպայում ներկայումս բարձր պաշտոններ զբաղեցնող «հիտլերականների և կոլաբորացիոնիստների գաղափարական ժառանգորդները» բացահայտ արդարացնում են նացիստների տեղական աջակիցներին՝ նրանց մասնակցությունը վերմախտի հանցագործություններին ներկայացնելով որպես «ազգային-ազատագրական պայքար»։
«Այս ուղղության հիմնական նպատակներից մեկը նախկին ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության խզումն է, աշխարհի՝ «շագանակագույն ժանտախտից» ազատագրման գործում նրանց ունեցած վճռորոշ դերի մասին ճշմարտության ջնջումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ նման ռազմավարությունն ակտիվորեն իրականացվել է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում։
«Դրանում, ինչպես հայտնի է, առավել մեծ հաջողության է հասել Կիևի նեոնացիստական ռեժիմը։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ նրա ղեկավար Զելենսկուն մայիսի սկզբին այդքան ջերմ ընդունեցին Երևանում՝ սիրալիր կերպով տրամադրելով հարթակ Ռուսաստանի հասցեին նողկալի սպառնալիքներ հնչեցնելու համար»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի տեսանկյունից նման մոտեցումները «հայկական ժողովրդի սխրանքի հիշատակի ուղղակի դավաճանություն են»։
«Հայ ժողովրդի փառավոր զավակներն ու դուստրերը մեծ ներդրում են ունեցել մեր ընդհանուր Հաղթանակի գործում։ Նացիզմի ցանկացած փառաբանում պետք է դառնա հասարակական և պետական հստակ դատապարտման առարկա»,- նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ Հայրենական մեծ պատերազմի պատմության վերաբերյալ նման մոտեցումները, ըստ նրա, լրացնում են Հայաստանի իշխանությունների կողմից երկրի ժողովրդի պատմական հիշողությունը «վերաձևակերպելու» այլ օրինակներ։
«Դրանք են՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ողբերգության լռության մատնումը, Հայ առաքելական եկեղեցու վարկաբեկումը։ Թե որքանով է դա համապատասխանում հայկական հասարակության իրական ձգտումներին, արդար գնահատականը պետք է տան հենց իրենք՝ հայերը»,- եզրափակել է Մարիա Զախարովան։
