Iravaban.net-ը ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի որոշումը՝ 2025 թվականի դեկտեմբերի 21-ին քաղաք Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։
2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, որով արձանագրեց, որ 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։
Համաձայնագիրը նպատակ ունի ազատականացնել և պարզեցնել ԵԱՏՄ անդամ երկրների ու Ինդոնեզիայի միջև ապրանքաշրջանառությունը՝ նվազեցնելով սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները, խթանելով տնտեսական համագործակցությունն ու ընդլայնելով առևտուրը։
Սահմանադրական դատարանի ուսումնասիրությամբ՝ փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի համար մի շարք կարևոր պարտավորություններ։ Դրանց թվում են՝ Ինդոնեզիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ ազգային ռեժիմի ապահովումը, մաքսատուրքերի փուլային նվազեցումը կամ վերացումը, ներմուծման և արտահանման ընթացակարգերի թափանցիկության բարձրացումը, մաքսային վարչարարության պարզեցումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի և թվային փաստաթղթաշրջանառության զարգացումը։
Փաստաթուղթը նաև կարգավորում է ապրանքների ծագման կանոնները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, մրցակցության ոլորտում համագործակցությունը, առևտրային վեճերի լուծման մեխանիզմները և սպառողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։ Բացի այդ, նախատեսվում է առևտրային տվյալների փոխանակման և մաքսային տեղեկատվության թվայնացման ընդլայնում։
Միաժամանակ Սահմանադրական դատարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության և բնօրինակ տեքստերի միջև հայտնաբերվել են տասնյակ թարգմանչական անճշտություններ։ Դատարանի գնահատմամբ՝ դրանք չեն ազդում համաձայնագրի սահմանադրականության վրա, սակայն հետագայում կարող են խնդիրներ առաջացնել դրա մեկնաբանման և կիրառման ընթացքում։
Դատարանը, ամփոփելով քննության արդյունքները, որոշել է, որ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։