Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը նոր մթնոլորտ կստեղծի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացի տարբեր ոլորտներում հետագա համագործակցության համար: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մեր ցանկությունն ու կամքն է, որ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ լուրջ և վճռական աշխատանք իրականացվի։ Տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է և արվել են հստակ հայտարարություններ։ Նախորդ շաբաթ, երբ Հայաստանի վարչապետը հանդիպեց Իրանի նախագահի հետ, ևս մեկ անգամ ընդգծվեց այդ հարցի կարևորությունը, հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը»,- նշեց դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանն իր կողմից հետևողական քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համար։
«Տեքստի վրա աշխատում ենք և հուսով ենք շուտով այն կավարտենք, կամբողջացնենք ու կսկսենք ստորագրման աշխատանքները։ Իրանը մեծ սիրով կողջունի մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, որտեղ կստորագրվի այդ փաստաթուղթը, ինչի շնորհիվ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի տարբեր ոլորտներում հետագա համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ներդումային և անվտանգության»,- ասել է նա։