Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, խորհրդի այլ անդամներ:
Օրակարգի առաջին հարցով ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հանդես է եկել hամալսարանի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի և դրա իրականացման գործողությունների պլանի վերաբերյալ զեկույցով: Նա ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները և առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով, որ նոր ռազմավարական ծրագիրը մշակվել է նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումների և բացթողումների համադրմամբ՝ նպատակ ունենալով ապահովել բուհի շարունակական զարգացումը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ամրապնդել կրթության որակը, խթանել գիտական գործունեությունը, ընդլայնել միջազգային համագործակցությունը։
Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին ներգրավվել են համալսարանի ակադեմիական և վարչական ստորաբաժանումները, ֆակուլտետներն ու ամբիոնները, ոլորտային փորձագետներ։ Ռազմավարական ծրագրի աշխատանքներում կարևորվել է նաև միջազգային խորհրդատվությունը, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությունը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համալսարանի զարգացման ռազմավարությունը պետք է ունենա հստակ թիրախներ և արդյունքային ցուցանիշներ՝ շեշտելով, որ ռազմավարական ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի ուսանողների թվի աճը։ Նա նաև կարևորել է մասնագիտությունների համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը և համալսարանում հետազոտական գործունեության զարգացումը։ Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է նախատեսել կրթական հետազոտությունների կենտրոնի ձևավորում, որը կդառնա ինչպես համալսարանի, այնպես էլ կրթական համակարգի կարևոր ռեսուրսներից մեկը։
Քննարկման ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու կարծիքները առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ՝ անդրադառնալով առանձին դրույթների կատարելագործման կարևորությանը։
Հոգաբարձուների խորհուրդն առաջարկել է համալսարանի 2026–2030 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը վերջնականացնել՝ միջազգային գործընկերների կարծիքները ստանալուց և ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները ներառելուց հետո, որից հետո այն կներկայացվի հաստատման։
Հաջորդիվ քննարկվել է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնությունը: Նշվել է, որ ֆակուլտետներում նախատեսվում է ստեղծել գրասենյակներ, որոնցում կաշխատեն ամբիոնների և դեկանատների մասնագետները։ Մասնավորապես՝ յուրաքանչյուր կրթական ծրագրի համար կնշանակվեն ծրագրերի պատասխանատուներ, որոնք կզբաղվեն բովանդակային և կազմակերպչական համակարգմամբ՝ հստակ սահմանված գործառույթներով։
Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են նաև համալսարանում իրականացվող կազմակերպչական գործընթացները, աշխատակիցների վերապատրաստման, մասնագիտական զարգացման և թվային հմտությունների ծրագրերը՝ կարևորելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը, հաշվետվողականությանը և տվյալահեն որոշումների կայացմանը վերաբերող հարցերը։
Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նաև բուհի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր: