«Ընդամենը երեք օրում ձեր հոդացավերը կանհետանան, իսկ արյան ճնշումը կկարգավորվի մեկընդմիշտ»․ նման խոստումներով գովազդներն այսօր հաճախ են հայտնվում Facebook և TikTok սոցիալական հարթակներում։ 61-ամյա Անահիտը (անունը փոխված է) պատմում է, որ նման տեսանյութերի հաճախ է հանդիպել․ դրանցում ներկայացվող «հրաշագործ» դեղահաբերը, սննդային հավելումները կամ բուժիչ միջոցները խոստանում են լուծել առողջական տարբեր խնդիրներ՝ առանց բժշկի այցելության և երկարատև բուժման։
Տեսանյութերում հաճախ օգտագործվում են հայտնի բժիշկների, հաղորդավարների կամ հանրային դեմքերի կերպարներ՝ գովազդին ավելի մեծ վստահություն հաղորդելու համար։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ նման նյութերը շատ դեպքերում կարող են լինել մոլորեցնող և չհիմնավորված, իսկ առողջական խնդիրների դեպքում ինքնուրույն որոշումներ կայացնելը կարող է վտանգավոր լինել։
Իջևանի մի շարք դեղատների աշխատակիցների խոսքով՝ սոցիալական ցանցերում տարածվող առողջապահական գովազդների ազդեցությունը վերջին տարիներին նկատելիորեն աճել է։ Նրանք նշում են, որ հատկապես ավագ սերնդի քաղաքացիները հաճախ դեղատուն են այցելում՝ հեռախոսում պահպանված գովազդներով, լուսանկարներով կամ տեսանյութերով և փորձում ձեռք բերել համացանցում տեսած «բուժիչ» միջոցները։
«Մարդիկ երբեմն ավելի շատ վստահում են տեսանյութում հնչած խոստմանը, քան բժշկի խորհրդին։ Սակայն յուրաքանչյուր դեղամիջոց կամ հավելում ունի կիրառման ցուցումներ, հակացուցումներ և հնարավոր կողմնակի ազդեցություններ»,– նշում են դեղատների աշխատակիցները։
Բժիշկների խոսքով՝ ինքնաբուժությունը, հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում, կարող է ոչ միայն չօգնել, այլև բարդացնել առողջական վիճակը։ Նրանք ընդգծում են, որ չի կարելի դադարեցնել բժշկի նշանակած բուժումը կամ փոխարինել այն սոցիալական ցանցերում տարածվող չստուգված առաջարկներով։
Իջևանում հարցմանը մասնակցած մի շարք բնակիչներ նշում են, որ նախկինում ավելի հաճախ էին հետաքրքրվում նման գովազդներով, սակայն այժմ փորձում են ավելի զգույշ լինել։ Նրանք նախընտրում են առողջությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն նախ ստուգել մասնագետի հետ և միայն հետո որոշում կայացնել։
Ինչպե՞ս չդառնալ առողջապահական ապատեղեկատվության զոհ
- Կասկածեք «հրաշք բուժումներին»․ հիվանդությունների արագ և ամբողջական բուժման խոստումները հաճախ իրականությանը չեն համապատասխանում։
- Ստուգեք տեղեկատվության աղբյուրը․ կարևոր է հասկանալ՝ ով է տարածում տեղեկատվությունը և արդյոք այն հիմնված է մասնագիտական տվյալների վրա։
- Խորհրդակցեք բժշկի հետ․ միայն մասնագետը կարող է գնահատել բուժման անհրաժեշտությունը և անվտանգությունը։
- Մի գնեք անհայտ ծագման դեղամիջոցներ կամ հավելումներ․ հատկապես եթե դրանք գովազդվում են միայն սոցիալական ցանցերում։
Այսօր տեղեկատվական հիգիենան դարձել է առողջության պահպանման կարևոր բաղադրիչ։ Մեդիագրագիտությունը ոչ միայն օգնում է տարբերակել իրական և կեղծ տեղեկությունները, այլև հնարավորություն է տալիս մարդկանց ավելի գիտակցված ու անվտանգ որոշումներ կայացնել սեփական առողջության վերաբերյալ։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Արմինե Փարսադանյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։