Iravaban.net-ը ուոսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված և Կադաստրի կոմիտեի կողմից մշակված նախագիծ, որով Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխել գնահատման որակավորման քննությունների բողոքարկման գործող կարգը՝ վերացնելով քննության հարցերի կամ պատասխանների ճշտության վերաբերյալ Կոմիտեի ղեկավարին վերադասության կարգով բողոք ներկայացնելու հնարավորությունը։
Գործող կարգով, եթե մասնակիցը կարծում է, որ քննության որևէ հարց կամ դրա պատասխանը սխալ է, նախ կարող է քննության ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում գրավոր բողոք ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին։ Այդ բողոքն ուսումնասիրում են ոլորտի համապատասխան մասնագետները։
Միևնույն ժամանակ, ներկայումս նույն հարցի վերաբերյալ հնարավոր է նաև վերադասության կարգով դիմել Կադաստրի կոմիտեի ղեկավարին, ինչպես նաև դատարան։
Ինչո՞ւ է առաջարկվում հրաժարվել երկրորդ փուլից
Նախագծի հիմնավորման համաձայն՝ քննության առաջադրանքների կամ պատասխանների ճշտությունը գնահատելը մասնագիտական աշխատանք է, որը պահանջում է հատուկ գիտելիքներ։ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներն ու ղեկավարն օրենքով նման լիազորություններ չունեն, իսկ նրանց պաշտոնեական գործառույթներում նման գնահատում նախատեսված չէ։
Փաստացի, վերադասության կարգով ներկայացվող բողոքները կրկին պահանջում են նույն մասնագիտական գնահատումը, որն արդեն իրականացվել է հանձնաժողովի կողմից։ Արդյունքում առաջանում է կրկնակի վարչարարություն՝ առանց լրացուցիչ մասնագիտական արժեքի։
Ի՞նչ է փոխվելու
Եթե նախագիծն ընդունվի, ապա՝
- կվերացվի Կադաստրի կոմիտեի ղեկավարին վերադասության կարգով բողոք ներկայացնելու հնարավորությունը,
- կպահպանվի քննության ընթացքում հանձնաժողովին գրավոր բողոք ներկայացնելու ընթացակարգը,
- կպահպանվի նաև դատարան դիմելու իրավունքը։
Ի՞նչ նպատակ ունի փոփոխությունը
Կադաստրի կոմիտեի գնահատմամբ՝ փոփոխությունը կօգնի.
- պարզեցնել բողոքարկման ընթացակարգը,
- բացառել նույն հարցի կրկնակի վարչական քննությունը,
- նվազեցնել վարչարարական ծանրաբեռնվածությունը,
- միաժամանակ պահպանել անձանց դատական պաշտպանության իրավունքը։
Նախագծի ընդունումը պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական ազդեցություն չի ունենա։