Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտների։
«ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ գործողությամբ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի Սալման նավահանգստում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող ամերիկյան 85 կարևոր ռազմական օբյեկտների, ինչպես նաև խոցել են հակառակորդի MQ-9 անօդաչու թռչող սարք»,- հայտարարել են ԻՀՊԿ-ում։
Գիշերը ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան, ինչպես նշում են ԱՄՆ-ում, Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։ Ինչպես հաղորդում է NBC-ն՝ հղում կատարելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, այդ հարվածներն ավելի լայնածավալ էին, քան նախորդները։