Մեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները ճակատագրական են եղել․ սատկել է այգի տեղափոխված էգ առյուծը

Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը սատկել է։

«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով), քնեցումից չի արթնացել»,- նշվում է հաղորդագրությունում։

Ըստ մասնագետների՝ կենդանու օրգան համակարգերը եղել են լրջորեն ախտահարված։ Մասնավորապես, ախտահարումներ են արձանագրվել փայծաղում, լյարդում, թոքերում և սրտում։ Բացի այդ, լեղապարկում հայտնաբերվել են խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է եղել ճարպակալում, իսկ որովայնի խոռոչում՝ ազատ հեղուկ, ինչը մասնագետների գնահատմամբ տարիքային փոփոխությունների հետևանք է։

Կենդանաբանական այգուց ընդգծում են, որ առյուծի մահվան հիմնական պատճառը մեծ տարիքն ու ուղեկցող հիվանդություններն են եղել, ինչը հաստատվել է նաև իրականացված հերձման արդյունքներով։

Leave a Comment