Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՉԼ որակավորման առաջին փուլի տնային խաղում կընդունի Լատվիայի չեմպիոն «Ռիգային»:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի Մանուել Տուլիպան նախախաղային ասուլիսում խոսել է խաղից սպասելիքների մասին:
««Ռիգան» շատ հետաքրքիր թիմ է, ուսումնասիրել եմ նրանց վերջին երեք խաղերը: Մեծ փոփոխություններ են կատարել իրենց թիմում, շատ նոր տրանսֆերներ ունեն: Ուզում եմ նշել, որ «Ռիգան» եւ «Արարատ-Արմենիան» շատ նման են խաղաոճերով:
Գոհ եմ մեր մարզումներից, նախապատրաստական փուլի աշխատանքներից: Մեր նպատակը հնարավոր լավագույն արդյունք գրանցելն է: Մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետեւ ներկայանում ենք, ոչ միայն ակումբ, նաև որպես երկիր այս կարևոր մրցաշարում: Իմ առջեւ խնդիր եմ դրել լավագույն խաղն ունենալ:
Մեզ համար կարեւոր է ցույց տալ հայկական ֆուտբոլը: «Ռիգան» այժմ իրենց առաջնության միջնամասում է: Դա նշանակում, որ նրանք լավ մարզավիճակում են, ինչը լավ չի մեզ համար, քանի որ մեր առաջնությունը շուտ է ավարտվել և երկար դադարից հետո ենք սկսում պայքարը: Ուսումնասիրել եմ նրանց ուժեղ և թույլ կողմերը:
«Ռիգան» գնդակով շատ լավ է խաղում:Ինձ համար մեծ պատասխանատվություն է որպես Հայաստանի չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ խաղալ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Թիմը 5 տարվա դադարից հետո նորից խաղում է այս կարևոր մրցաշարում, և պատասխանատվությունը մեծ է, որ լավագույնս հանդես գանք: Գլխավոր նպատակն ամեն հաջորդ խաղից հետո ավելի լավ խաղալն է: Այս մեկ փուլով չենք սահմանափակվելու: Ինձ համար շատ կարեւոր փուլ է»,– ասել է Տուլիպան:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Աբովյանում։