ՀՀ քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը այսօր վաղ առավոտից լայնածավալ քննչական գործողություններ են սկսել Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող ընկերություններում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել ավելի քան 70 վայրերում։ Քննչական գործողությունները կապված են մի քանի քրեական վարույթների հետ, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, խարդախությանը, հարկերից խուսափելուն, ինչպես նաև «Արարատցեմենտ» գործարանի 2000-ականների սկզբի մասնավորեցման ընթացքում ենթադրյալ խախտումներին։
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի համար այս ամենը սպասելի էր.
«Իհարկե, սպասում էր, իհարկե, սպասում էր, որովհետև, տեսեք, շատ զարմանալի իրավիճակ է։ Էստեղ Գագիկ Ծառուկյանը միակը չէ, համենայնդեպս, Հայաստանի Հանրապետությունում կան նաև այլ իրենց քաղաքական համարող մարդիկ, որոնք 5 տարի շարունակ ոչնչով չեն զբաղվում, 5 տարի շարունակ մոռանում են, որ եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզանով զբաղվում, հանկարծ ակտիվանում են ընտրություններից առաջ»։
Անահիտ Ադամյանը համոզված է՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվացումը պատահական չէր.
«Ի դեպ, որևէ մեկի համար, կարծում եմ, նաև գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» բիզնես պրոյեկտ էր և ստեղծվել էր կուսակցություն՝ Բաղրամյան 26-ում, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, ու ստեղծվել էր ՀՀԿ-ից իշխանությունը վերցնելու համար։ Բայց 2007-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Հանրապետական կուսակցությունը», ու դեռևս էդտեղից սկսեցին «Բարգավաճ Հայաստանի» բոլոր ձախորդությունները, որոնք շարունակվում են առ այսօր»։
Ադամյանի գնահատմամբ՝ Ծառուկյանի ուժեղ կողմը երբեք քաղաքականությունը չի եղել.
«Գագիկ Ծառուկյանը քաղաքական կերպար չէ, Գագիկ Ծառուկյանը շատ լավ մարդ է, Գագիկ Ծառուկյանը շատ լավ գործարար է, Գագիկ Ծառուկյանը ունի բազում, բազում, բազում այլ, ինչ ասեմ, հատկանիշներ, որոնք, եթե ինքը զբաղվեր այլ գործունեությամբ, միանշանակ իրեն հաջողություն կերաշխավորեին, բայց Գագիկ Ծառուկյանը փորձում է կամ իրեն դարձնում են այն կերպարը, որը քաղաքականության մեջ սովորաբար քավության նոխազ է դառնում։ Ցավում եմ իր համար, ինչ ասեմ»։
Մինչ այդ, ԲՀԿ-ում տեղի ունեցողը գնահատում են բոլորովին այլ կերպ։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները հայտարարում են, որ պաշտպանական կողմի մուտքը երկար ժամանակ սահմանափակվել է, իսկ գործողությունների ձևը գնահատում են որպես ցուցադրական։ Նրանք չեն բացառում նաև կալանավորման սցենարը՝ պնդելով, որ իրավական հիմքերը կարող են արհեստականորեն ձևավորվել։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ու կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը տեղի ունեցողը որակում են քաղաքական բռնաճնշումների հերթական դրսևորում՝ հիշեցնելով, որ օրեր առաջ դատախազությունը փորձել էր հաղթահարել Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիությունը, սակայն այդ հարցը չէր քննարկվել։ Նշենք, որ Ծառուկյանը քրեական վարույթով դեռ կարգավիճակ չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
