Հոլանդը Բրազիլիայի հետ խաղում կրկնել է կես դար վաղեմության պատմական ռեկորդներ

Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է փայլել ԱԱ-2026-ում՝ գրանցելով տպավորիչ ու պատմական ցուցանիշներ։

Նորվեգիա-Բրազիլիա հանդիպումից հետո Opta վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է նորվեգացի ռմբարկուի գրանցած անհավանական ռեկորդները։

Հոլանդը կրկնել է Աշխարհի առաջնություններում նորամուտը նշող ֆուտբոլիստների՝ 52 տարվա վաղեմության ռեկորդը: Ընթացիկ մրցաշարում խփած 7 գոլով նա հավասարվել է լեհ Գժեգոժ Լյատոյին, ով նույն ցուցանիշն էր գրանցել 1974 թվականի Աշխարհի առաջնությունում:

Էրլինգն առաջին ֆուտբոլիստն է 1970 թվականից ի վեր, ով Աշխարհի առաջնության իր անցկացրած առաջին 4 խաղերում դառնում է 7 գոլի հեղինակ: Վերջին անգամ նման արդյունք գրանցել էր լեգենդար գերմանացի Գերդտ Մյուլերը (8 գոլ)՝ ուղիղ 56 տարի առաջ։

Հոլանդը 1998 թվականից ի վեր առաջին եվրոպացին է, ով աչքի է ընկնում Աշխարհի առաջնության իր առաջին չորս խաղերից յուրաքանչյուրում։ Նախկինում դա հաջողվել էր միայն իտալացի հարձակվող Քրիստիան Վիերիին:

Բրազիլացիների դարպասն ուղարկած երկու գնդակների շնորհիվ Հոլանդը երկարաձգեց իր ֆանտաստիկ գոլային շարքը ազգային թիմի պաշտոնական խաղերում։ Նորվեգացին դարձել է 27 գոլի հեղինակ վերջին 14 անընդմեջ հանդիպումներում։

Այս շարքը մեկնարկել է դեռևս 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում Սլովենիայի դեմ կայացած խաղով (4:1):

Նշենք, որ ԱԱ-2026-ի ռմբարկուների ցուցակը վստահորեն գլխավորող Հոլանդը (7 գոլ) հաջորդ հանդիպումը կանցկացնի քառորդ եզրափակչում Անգլիայի ընտրանու դեմ։

Leave a Comment