ՊԵԿ-ը հիշեցնում է․ ուշացած հարկային պարտավորությունները կարող են հանգեցնել արգելանքի

Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում մի շարք նոր կարգավորումներ: Այսուհետ, եթե ունենաք հարկային պարտավորություն և դրանք ժամանակին չկատարեք, ապա ուշացման առաջին իսկ օրը այդ մասին հիշեցում կստանաք: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

Հիշեցումը կտեղադրվի հարկ վճարողի անձնական էջում: Հիշեցումը ստանալուց հետո, եթե մինչև յոթ օրացուցային օրվա ժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո ձեր հարկային պարտավորությունները դադարած չլինեն, կամ ձեր ներկայացրած առաքելությունները հարկային մարմնը չընդունի, ապա տեղյակ եղեք, որ կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ։

Մասնավորապես, հարկային մարմինը կարող է որոշում կայացնել չկատարված հարկային պարտավորությունների գանձման, բանկային հաշվին առկա դրամական միջոցների, ինչպես նաև շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ։

Կարևոր է իմանալ, որ եթե արգելանքի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում ձեր հարկային պարտավորությունները չկատարեք, ապա հարկային մարմնի որոշումները կուղարկվեն հարկադիր կատարումն ապահովող ծառայություն հարկադիր կատարման նպատակով։

Ի դեպ, եթե չկատարված հարկային պարտավորության գումարը 2 միլիոն դրամ և ավելի է, ապա հարկ վճարողը կարող է դիմել գույքի արգելանքը ապահովման այլ միջոցներով փոխարինելու համար։ Այդ հնարավորությունը տրամադրվում է մինչև ինը ամիս ժամկետով օրենքով սահմանված հիմքերի առկայության և հարկային պարտավորության առնվազն 20%-ը մարելու դեպքում։

Հիշեցնում ենք, որ ապահովման այլ միջոցներ են գրավի պայմանագիրը, բանկերի, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների տրամադրած երաշխիքները։

Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում հարկ վճարողներին պահպանել հարկային կարգապահությունը և հարկային պարտավորությունները կատարել օրենքով սահմանված ժամկետներում՝  անցանկալի հետևանքներից և վճարված ծախսերից խուսափելու համար։

Leave a Comment