Վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքերի ու հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 9 զոհ կա, բազմաբնակարան շենքեր են տուժել, հայտնում է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ փրկարարական ջոկատները փորձել են բնակիչներին դուրս բերել գիշերային հրետակոծությունից ավերված շենքերից։ 24 մարդ վիրավորվել է, հայտնել է նա։ Կլիչկոն նաև մանրամասնել է, որ միայն Պոդիլսկիի շրջանում չորս բնակելի շենք է թիրախավորվել։
Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել Դարնիցկիի 30-հարկանի շենքում, որտեղ անցյալ հինգշաբթի Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ էր արձակել՝ խլելով առնվազն 30 մարդու կյանք:
Քաղաքում օդի որակի վատթարացման պատճառով բնակիչներին հորդորել են փակել պատուհանները։ Բնակիչները պատսպարվել են մետրոպոլիտենի կայարաններում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում:
Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը որպես կանխարգելիչ միջոցառում կարճ ժամանակով կործանիչներ էր օդ բարձրացրել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ զգուշացրել էր սպասվող ռուսական հարձակման մասին։
Ռուսաստանը հայտնում է Կիևի վրա «զանգվածային» հարձակման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը «զանգվածային» հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և այլ վայրերի վրա՝ օգտագործելով հեռահար, բարձր ճշգրտության զենքեր և անօդաչու թռչող սարքեր։
Նախարարությունը նաև հայտնել է, որ հարվածներ է հասցվել Կիևի և Կիևի մարզի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք այլ շրջանների ռազմական օդանավակայաններին։