Երբ արևի շողերը շոյում են Հանրապետության հրապարակի մոնումենտալ ճակատների հրաբխային վարդագույն քարերը, դժվար է պատկերացնել, որ նման ճարտարապետական նրբագեղությունը սկիզբ է առնում խորհրդային դարաշրջանից, որը հայտնի է դիզայնի իր նեոբրուտալիստական համբավով: Սակայն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից Երևանի վերակառուցման 1924 թվականի նախագծերը մեզ ժառանգեցին մի գեղեցիկ քաղաք, որը մինչև 1991 թվականի անկախությունը քչերն էին տեսել: Այս մասին գրել է հեղինակավոր Wanderlust ամսագիրը։
«Երևանն այժմ շատ ավելի մեծ թվով երկրպագուներ ձեռք բերելու շեմին է: Քանի որ նորընտիր կառավարությունը գնալով ավելի շատ է հայացքն ուղղում դեպի Արևմուտք, Մեծ Բրիտանիայից նոր չվերթները կհեշտացնեն Երևան հասնելը: «Wizz Air»-ն այժմ ուղիղ չվերթներ է իրականացնում շաբաթը երկու անգամ Լութոնից, իսկ «Turkish Airlines»-ն առաջարկում է օրական երկու չվերթ Ստամբուլից՝ Լոնդոնից բազմաթիվ միացումներ ապահովելու համար:
Երևանը դարպաս է դեպի պատմական քրիստոնեական բնապատկերներով հարուստ երկիր: Այնուամենայնիվ, մի շտապեք շրջանցել այն. քաղաքի հիանալի ճարտարապետությունն ու աշխույժ ռեստորանային միջավայրն արժանի են այստեղ առնվազն 48 ժամ անցկացնելուն»,- գրում է պարբերականը:
Երևանյան առաջին 48 ժամը պարտադիր պետք է հագեցած լինի մշակութային ու գաստրոնոմիական բացահայտումներով։ Պարբերականը խորհուրդ է տալիս զբոսանքը սկսել Հանրապետության և Շառլ Ազնավուրի հրապարակներից, անպայման այցելել Պատմության թանգարան, Վերնիսաժ, Ծիծեռնակաբերդ ու Հաղթանակի զբոսայգի, ինչպես նաև բացահայտումներ անել մայրաքաղաքի սահմաններից դուրս։
Բացի պատմամշակութային վայրերից, հատուկ ուշադրության է արժանի տեղական խոհանոցը. այստեղ դրսում ճաշելն իսկական կենսուրախ արարողություն է, որն ընդգծում է հայերի անսահման սերը համեղ սննդի և ջերմ շփումների հանդեպ։
Հայաստանում գտնվելիս պարզապես անհրաժեշտ է վայելել ավանդական համերը՝ թարմ լավաշ, խոզի և գառան խորոված միս, դոլմա, թրթնջուկով ապուր և տնական մածուն։
