
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկուկես ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և իր օգնությունն է առաջարկել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու հարցում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Ուշակովի խոսքով՝ Թրամփն առաջարկն արել է նախօրեին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում՝ հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության համատեքստում։
«Ամերիկայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու մարտական գործողություններն արագորեն դադարեցնելու, ինչպես նաև ճգնաժամի հաղթահարման համար լուծումներ գտնելու ուղղությամբ», – տեղեկացրել է Ուշակովը։
Քննարկումը «գործնական և բավականին կառուցողական» որակելով՝ Ուշակովը նշել է, որ Մոսկվան «ձգտում է քաղաքական և դիվանագիտական լուծում գտնել հակամարտությանը, որը պատշաճ կերպով հաշվի կառնի Ռուսաստանի հիմնարար մոտեցումը»։
Պուտինի օգնականի փոխանցմամբ՝ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կշարունակեն ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ, և նրանք պատրաստ են կրկին Մոսկվա այցելել։
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին միտված ամերիկյան դիվանագիտական ջանքերը գրեթե ամբողջությամբ կանգ առան Իրանի պատերազմի մեկնարկից հետո։
Անդրադառնալով ԱՄՆ-Իրան հակամարտությանը՝ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ամերիկյան դիվանագիտական ջանքերը «թույլ կտան փոխադարձաբար ընդունելի երկարաժամկետ լուծումներ գտնել կարգավորման առանցքային հարցերի շուրջ»։
Պուտինը վերահաստատել է Մոսկվա այցելելու՝ ԱՄՆ նախագահին ուղղված հրավերը։ Միացյալ Նահանգների հիմնադրման 250 ամյակի կապակցությամբ նա նաև շնորհավորական ուղերձ էր հղել Թրամփին։
«Ամերիկյան վճռականությունը էական նշանակություն կունենա»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հետ՝ շնորհավորելով նրա ԱՄՆ անկախության օրվա առթիվ։
Զելենսկին զրույցը «շատ լավ է» որակել՝ նշելով, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել է առաջնագծում առկա իրավիճակը։
«Հեռանկարում պատերազմն ավարտելու իրական հնարավորություն կա, և ամերիկյան վճռականությունը էական նշանակություն կունենա», – սոցցանցում գրել է նախագահը։
Նրա խոսքով՝ Թրամփի հետ համաձայնել են շփումները ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովի շրջանակում շարունակել։