Սլովակիան չի մասնակցի Ուկրաինային ռազմական աջակցությանն ուղղված որևէ ֆինանսական ծրագրի, բայց կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ես երկխոսություն եմ սկսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Մենք նամակներ փոխանակեցինք, որոնցում բացատրեցինք մեր դիրքորոշումը։ Ես նշել եմ, որ Սլովակիան չի մասնակցի որևէ վարկի, դրամաշնորհի, երաշխիքի կամ ֆինանսական մեխանիզմի՝ Ուկրաինայում պատերազմին աջակցելու համար։ Մենք կշարունակենք մարդասիրական օգնությունը և համատեղ կառավարական նիստերը», – շաբաթ օրը սլովակյան TASR լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ֆիցոն։
Ֆիցոն հայտարարել է, որ ինքը շարունակում է համոզված լինել, որ Ուկրաինայի հակամարտության ռազմական լուծում չկա՝ երկխոսությունը համարելով ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը։
Հինգշաբթի օրը Սլովակիայի վարչապետը հայտարարեց, որ հանրապետությունը Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի։