Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապօրինի գանձված վճարների վերադարձի նոր կարգ է առաջարկվում

Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայությունների շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքերում քաղաքացիների գումարների վերադարձի հստակ մեխանիզմ է առաջարկվում սահմանել։ Հանրային քննարկման ներկայացված կառավարության որոշման նախագիծը սահմանում է, թե ինչ հիմքերով, ինչ ընթացակարգով և որ ժամկետներում պետք է վերադարձվեն ապօրինի գանձված վճարները, ինչպես նաև ամրագրում է բուժհաստատությունների և դեղատների պարտականությունները՝ այդ գործընթացում։ Այս մասին  Iravaban.net տեղեկանում է Կառավարությունից։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձանցից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում  այդ վճարների վերադարձի միասնական, հստակ և կանխատեսելի կարգավորման անհրաժեշտությամբ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծի նպատակն է ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված, նվազագույն ծավալ և լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց իրավունքների պաշտպանությունը և օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձի իրավական մեխանիզմի հստակ կարգավորումը։

Նախագծով առաջարկվում է՝

ա. սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև օրենքով նախատեսված նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման հստակ և իրավաչափ հիմքերը (օրենքով նախատեսված մարմնի կողմից ընդունված որոշում, հաշտության համաձայնություն)․

բ. կարգավորել օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման պահանջի ներկայացման և բավարարման ընթացակարգը.

գ. ամրագրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների գործողությունները՝ օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարների հաշվարկման և վերադարձի մասով։

 Ակնկալվող արդյունքը

Նախագիծը՝

ա. կբարձրացնի ապահովագրված, նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց իրավունքների պաշտպանության մակարդակը.

բ․ կնվազեցնի վեճերի և դատական գործընթացների առաջացման հավանականությունը․

գ. կապահովի իրավական որոշակիություն և կանխատեսելիություն ապահովագրված նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների համար․

դ. կնպաստի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նկատմամբ հանրային վստահության աճին։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից:

  Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի:

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի N 133-Լ որոշմամբ հաստատված Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որի հավելված 1-ի 4.1 կետով նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման պահանջը և ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը և պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը, – տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment