Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են

Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են: Այս մասին զգուշացնում են Առողջապահության նախարարությունից:

«Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է:

Ինչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունը

  • Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրեք լողալու տարրական հմտություններ:
  • Համոզվեք, որ ջրային տարածքին մոտ երեխաները կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ, եթե նրանք լողալ գիտեն:
  • Երեխաներին մի՛ թողեք առանց հսկողության, նույնիսկ, եթե նրանք կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն։
  • Երեխային թույլատրեք լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում՝ սահմանելով հսկողություն:
  • Եթե ունեք լողավազան, շուրջը տեղադրեք մեկուսացնող ցանկապատներ:
  • Մշտապես հետևեք երեխային, երբ նա ջրի մեջ է կամ ջրի մոտակայքում (ներառյալ լոգարանում):
  • Ամեն անգամ, երբ երեխաները գտնվում են ջրի մեջ կամ դրա շրջակայքում, լողալու հմտություններ ունեցող մեծահասակը պետք է գտնվի երեխայից ձեռքի երկարության հեռավորությամբ:

Մի՛ տարվեք այլ գործերով. ջրահեղձությունը տեղի է ունենում արագ և անձայն:

Սովորեք առաջին օգնության տարրական հմտություններ՝ խեղդվող երեխային անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու համար:

Երեխային հնարավորինս վաղ տարիքում պատմեք ջրահեղձ լինելու վտանգի մասին:

Հիշե՛ք, որ ջրահեղձության վտանգները մեծ են ոչ միայն բացօթյա ջրավազաններում, լողավազաննրում, այլև տնային պայմաններում (մանկական լոգարան, դույլ, զուգարան), որտեղ անվտանգության կանոնների խստիվ պահպանումը նույնքան կենսական է:

Ծնողները և խնամակալները պետք է կանխեն երեխայի անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց այլ ջրային տարածք:

Մի՛ զբաղվեք այլ շեղող գործունեությամբ, որը կարող է վտանգել երեխային, ներառյալ հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ հաղորդագրություններ ուղարկելը), շփվելը, տնային գործեր կատարելը կամ ալկոհոլ խմելը»,- նշվում է հաղորդագրությունում:

Leave a Comment