Իսրայելը հարվածել է «Հեզբոլլահի» 10 օբյեկտի՝ հրադադարի խախտումների պատճառով

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման շուրջ 10 ենթակառուցվածքային օբյեկտի՝ ի պատասխան հրադադարի շարունակական խախտումների և իսրայելցի զինծառայողների վրա իրականացված հարձակումների։

ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են Բինթ Ջբեյլ, Բեյթ Յահուն, Քունին և Բրաաշիտ բնակավայրերի շրջաններում գտնվող թիրախներին։

Իսրայելական բանակի պնդմամբ՝ թիրախավորված օբյեկտներն օգտագործվել են «Հեզբոլլահի» կողմից անվտանգության գոտում գործող իսրայելցի զինվորների դեմ հարձակումներ իրականացնելու նպատակով։

Հունիսի վերջին Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում, ԱՄՆ-ի միջնորդությամբ, ստորագրել էին հակամարտության կարգավորմանն ուղղված շրջանակային համաձայնագիր։ Սակայն «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել էր, որ այդ փաստաթուղթն ուժ չունի՝ այն անվանելով Լիբանանի ինքնիշխանության կորուստ։

Համաձայնագրով, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է Իսրայելի անվտանգության գոտու պահպանումը Լիբանանի հարավում, ինչպես նաև, Իսրայելի պնդմամբ, «Հեզբոլլահի» լիակատար զինաթափումը։

Leave a Comment