
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ընդունված փոփոխություններով Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ դրանց ոչ աշխատանքային լինելու կարգավորումը կորոշի Կառավարությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է նախագծի հեղինակ Գեղամ Նազարյանը։
Նազարյանի պարզաբանմամբ՝ Մեռելոց օրերի ամրագրումն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում չի նշանակում, որ դրանք մեխանիկորեն դառնում են ոչ աշխատանքային բոլոր դեպքերում։
«Մեռելոց օրերը ֆիքսվել են օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, Կառավարությունն իր որոշումով կսահմանի ազատ օրը։ Օրինակ՝ կարող է սահմանվել, որ այդ օրը ոչ աշխատանքային է, փոխարենը կաշխատեն շաբաթ օրը, կամ Կառավարությունը կարող է այլ կարգավորում տալ»,- նշել է Նազարյանը։
Ըստ այդմ՝ Մեռելոց օրերի հետ կապված աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հարցը թողնվում է կառավարության հայեցողությանը։
Մեռելոց օրերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերին։