670 միլիոն դրամի գործը՝ Հակակոռուպցիոն դատարանում առանց տեսախցիկների . Նորայր Նազարյանը կրկին առարկեց, Աշխեն Ղարսլյանը չթույլատրեց տեսանկարահանումը

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, այսօր կրկին չթույլատրեց Iravaban.net-ի կողմից տեսաձայնագրել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի, Արմեն Անդրանիկի Գևորգյանի, Սեյրան Մուշեղի Օհանյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի դեմ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670․000․000 ՀՀ դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի վերաբերյալ դատական նիստը։

Նիստն անցկացվում էր դռնբացության սկզբունքով։ Բաց դատական նիստի սկզբունքը հատկապես հակակոռուպցիոն գործերի պարագայում ձեռք է բերում առավել բարձր հասարակական նշանակություն, քանի որ նման գործերում քննարկվում են պետական միջոցների շարժը և հնարավոր չարաշահումների հետևանքների վերականգնումը։

Այսպիսի գործերում դատարանի որոշումը չի սահմանափակվում մասնավոր կողմերի իրավունքներով․ այն ուղղակիորեն ազդում է հանրային բյուջեի վերականգնման կամ չվերականգնման վրա։ Հետևաբար, նման գործերի թափանցիկությունը հանդիսանում է ոչ միայն դատավարական սկզբունք, այլ նաև հանրային ֆինանսների նկատմամբ վերահսկողության մեխանիզմ։

Դատավորը նիստի սկզբում կողմերին հարցրեց՝ արդյոք ունեն առարկություններ տեսաձայնագրման վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դատախազ Նորայր Նազարյանը առարկեց՝ նշելով, որ առարկությունը պայմանավորված է «իրեն մասնագիտական լրատվամիջոց հռչակած կազմակերպության գործունեության օբյեկտիվությամբ և պրոֆեսիոնալիզմով»։ Պատասխանող Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նույնպես առարկեց տեսաձայնագրմանը։ Մյուս պատասխանողների ներկայացուցիչները դիրքորոշում չհայտնեցին՝ նշելով, որ առկա առարկությունների պայմաններում իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը գործնական ազդեցություն չի ունենա։ Դատավոր Աշխեն Ղարսլյանը արձագանքեց, որ տեսաձայնագրման հարցով նախկինում արդեն ներկայացրել է իր դատավարական դիրքորոշումը և «դատավարական ռեսուրսի արդյունավետությունը հաշվի առնելով» չի կրկնում դրանք։

Հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով յուրաքանչյուրին երաշխավորվում է իր գործի հրապարակային քննության իրավունք։ Ընդ որում՝ դռնփակ քննության հիմքերը սահմանված են ոչ միայն օրենսդրական, այլև սահմանադրական մակարդակով․ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը բառացի նույն ձևակերպմամբ նախատեսում են սպառիչ թվարկված հիմքեր՝ մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանությունը (իսկ Դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասով դատական նիստերը դռնբաց են՝ որպես կանոն)։ Լրատվամիջոցի գործունեության «օբյեկտիվության և պրոֆեսիոնալիզմի» գնահատականն այս ցանկում ներառված չէ։ Այս իմաստով կարևոր է սահմանազատել դատարանի հայեցողությունն ու կամայականությունը․ դատարանն, անշուշտ, իրավասու է որոշելու տեսաձայնագրման հարցը, սակայն այդ հայեցողությունը, որպեսզի իրավաչափ լինի, պետք է հիմնվի օրենքով նախատեսված կոնկրետ հիմքի վրա և բավարարի համաչափության պահանջին։ Հատկանշական է նաև, որ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասը հատուկ երաշխավորում է մամուլի ազատությունը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը կարծիքի արտահայտման ազատությունը սահմանափակելու համար ևս սահմանում է սպառիչ հիմքեր՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների պաշտպանությունը, որոնց թվում լրատվամիջոցի աշխատանքից դժգոհությունը չկա։ Ուստի երբ տեսագրման հասանելիությունը կախվածության մեջ է դրվում լրատվամիջոցի խմբագրական աշխատանքից գոհունակության հետ, հրապարակայնությունը փոխակերպվում է պայմանական արտոնության՝ շնորհվող «պատշաճ պահվածքի» դիմաց, ինչն ուղղակիորեն շոշափում է Սահմանադրության 42-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատությունը։

Արդյունքում դատարանը կրկին չթույլատրեց նիստի տեսաձայնագրումը։

Նախորդ նիստերում բարձրացված առարկությունները և «բանավեճ» ձևակերպման շուրջ քննարկումը

Նույն գործով նախորդ նիստերից մեկում դատախազ Նորայր Նազարյանը նույնպես առարկել էր տեսաձայնագրմանը՝ նշելով, որ դա պայմանավորված է լրատվամիջոցի գործունեության վերաբերյալ իր գնահատականներով։

Iravaban.net-ի կողմից լուսաբանվել են նույն գործով երկու նիստեր՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին(թույլատրվել է միայն ձայնագրել) և նոյեմբերի 7-ին։

Այս տարբերությունը պատահական չէ և բխում է օրենքից․ Դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նիստին ներկա ցանկացած անձ ձայնագրություն կատարելու ուղղակի իրավունք ունի՝ առանց դատարանի առանձին թույլտվության, մինչդեռ նույն հոդվածի 5-րդ մասով լուսանկարումը, տեսաձայնագրումը և հեռարձակումն իրականացվում են «օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշմամբ»։ Այսինքն՝ օրենսդիրն ինքն է ձայնագրումը դասել իրավունքի, իսկ տեսագրումը՝ հայեցողության ռեժիմ։ Հենց այս սահմանազատումն է բացատրում, թե ինչու հոկտեմբերի 24-ին թույլատրվեց միայն ձայնագրել, և հենց տեսաձայնագրման հայեցողությունն է սույն գործի իրավական հանգույցը։ Ընդ որում՝ քանի որ սահմանափակող միջոցները (2-րդ մասի դռնփակ ռեժիմը) թույլատրելի են միայն սպառիչ հիմքերով, տրամաբանական է, որ 5-րդ մասով նախատեսված տեսագրման հայեցողությունը ևս պետք է կիրառվի հենց այդ իրավաչափ նպատակների տրամաբանությամբ, ոչ թե ազատ գնահատականով։

Այդ նիստում դատախազը հղում էր կատարել Iravaban.net-ի հրապարակման վերնագրին՝ «Հայցվորի ներկայացուցչի և դատավորի միջև բանավեճ սկսվեց»՝ նշելով, որ նման բան երբևէ չի եղել իր պրակտիկայում, ոչ էլ՝ վիճահարույց նիստում։

Հարկ ենք համարում նշել, որ հայերենում «բանավեճ» եզրը նշանակում է բանավոր քննարկում կամ վիճելի հարցի շուրջ տարբեր դիրքորոշումների, հիմնավորումների, փաստարկների և հակափաստարկների հրապարակային ներկայացում ու քննություն։ Իրավական գործընթացներում այն կարող է բնութագրել դատարանում ծավալված փաստարկված քննարկումը՝ առանց ինքնին ենթադրելու անձնական հակամարտություն կամ վիրավորանք։ Հիշատակվող դրվագում դատավարության մասնակիցները, մասնավորապես՝ Դատավորը և հայցվորի ներկայացուցիչը քննարկում էին արդեն իսկ նշանակված դատական նիստի օրվա և ժամի համաձայնեցումը։ Դատարանը համաձայնեցրել էր հերթական դատական նիսի օրը և ժամը ներկա կողմերի հետ, ինչի հետ դատախազ Նազարյանը համաձայն չէր։ Ուստի այստեղ չկա որևէ գնահատական։

Տեսաձայնագրման հարցի վերաբերյալ նույն նիստում դատարանը հղում էր կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների, մասնավորապես Prager and Oberschlick v. Austria և Delfi AS v. Estonia գործերում արտահայտված սկզբունքներին՝ խոսքի ազատության և դատական համակարգի պաշտպանության հավասարակշռության վերաբերյալ։

Այս նախադեպերի բովանդակությունն, սակայն, արժե դիտարկել ավելի ուշադիր, քանի որ դրանք ուղղակիորեն չեն վերաբերում բաց նիստի տեսագրման հարցին։ Prager and Oberschlick v. Austria գործը վերաբերում է դատավորների հասցեին ուղղված վիրավորական քննադատությանը, այլ ոչ թե դատական նիստի տեսագրմանը։ Delfi AS v. Estonia գործը վերաբերում է լրատվական հարթակի պատասխանատվությանը՝ օգտատերերի թողած վիրավորական մեկնաբանությունների համար։ Ընդ որում՝ Delfi-ի տրամաբանությունն ավելի շուտ մատնանշում է, որ խնդրահարույց մեկնաբանությունների պատասխանը դրանց մոդերացիան է, ոչ թե լուսաբանման սահմանափակումը։ Հետևաբար վկայակոչված նախադեպերը կարող են ավելի շուտ հիմնավորել մեկնաբանությունների կառավարման, քան հենց տեսաձայնագրման արգելքի անհրաժեշտությունը։

Դատավոր Աշխեն Ղարսլյանը նշել էր, որ մամուլը կարևոր դեր ունի իրավական պետությունում, սակայն դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ապահովումը նույնպես հիմնարար արժեք է։

«Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել դատական համակարգի հատուկ դերը հասարակությունում, որպես արդարադատության երաշխավոր, որը իրավական պետությունում հիմնարար արժեք է, այն պետք է վայելի հանրային վստահություն, որպեսզի հաջողությամբ կատարի իր պարտականությունները։ Հետևաբար կարող է անհրաժեշտ լինել պաշտպանել նաև նման վստահությունը էապես անհիմն ապակառուցողական հարձակումներից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ քննադատության ենթարկված դատավորները ենթարկվում են այնպիսի սահմանափակումների, որը նրանց թույլ չի տալիս պատասխանել»,- նշել էր Ղարսլյանը։

Անաչառության համար հարկ է ընդունել, որ դատարանի այս դիրքորոշումը զուրկ չէ իրավաչափ հիմքից։ Ավելին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելը» ուղղակիորեն թվարկում է որպես արտահայտվելու ազատությունը սահմանափակելու իրավաչափ նպատակ, այնպես որ դատական վստահության պաշտպանության մտահոգությունն ունի ճանաչված իրավական հենք։ ՄԻԵԴ-ը նաև բացարձակ իրավունք չի ճանաչում հենց տեսագրելու կամ հեռարձակելու նիստը՝ այս հարցում պետություններին թողնելով գնահատման որոշակի ազատություն։ Սակայն իրավաչափ նպատակի առկայությունն ինքնին բավարար չէ․ նույն 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանափակումը պետք է լինի նաև «օրենքով նախատեսված» և «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», այսինքն՝ համաչափ։ Հենց այս պատճառով էլ քննադատության առանցքը ոչ թե տեսագրելու բացարձակ իրավունքի պնդումն է, այլ հայեցողության կիրառման ձևը։ Իսկ լրատվամիջոցի ընդհանուր բնութագրով պայմանավորված ամբողջական տեսագրման արգելքը, երբ ձայնագրումն արդեն թույլատրված է, իսկ վիրավորական մեկնաբանություններն արդեն մոդերացվել են, դժվար թե անցնի հենց այս անհրաժեշտության ու համաչափության թեստը։

Դատարանի դիտարկմամբ՝ նիստի որոշ հատվածներ ներկայացվել են «համատեքստից դուրս և այնպիսի վերնագրերով, որոնք ուղղված են եղել սենսացիա առաջացնելուն և հանրության համեմատաբար անառողջ հետաքրքրասիրությունը բավարարելուն»։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ հրապարակումներում բավարար չափով չի ներկայացվել նիստում քննարկված իրավական հարցերի վերաբերյալ վերլուծություն։ Հարկ է նշել, որ Iravaban.net-ի կողմից լուսաբանված յուրաքանչյուր դատական նիստի տեսագրություն ամբողջությամբ տեղադրվում է Յութուբյան հարթակում և կայքում՝ կից տեքստով, որտեղ օբյեկտիվորեն և առանց գնահատականների ներկայացվում է դատական նիստի ընթացքը։ Հենց այս ամբողջական տեսագրության հրապարակումն է, որ ընթերցողին և դիտողին հնարավորություն է տալիս ինքնուրույն ստուգելու նիստի ընթացքը, ինչի պայմաններում «սենսացիոն» կամ «չեզոք» որակումն այլևս կախված չէ առանձին գնահատողի ընկալումից։ Երբ նույն ֆորմատով լուսաբանումը մի դեպքում որակվում է որպես չեզոք, մյուսում՝ որպես սենսացիոն, և հենց այդ որակումից է կախվում տեսագրման հասանելիությունը, առաջանում է իրավական կանխատեսելիության և միասնական չափանիշների բացակայության խնդիր։

Դատական նիստերի հրապարակայնության և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ապահովման հարցերը մշտապես դիտարկվում են նաև խոսքի ազատության և արդար դատաքննության իրավունքի հավասարակշռության համատեքստում։   Դատավորները և դատավարության մասնակիցները պարտավոր են պահպանել բարեվարքության սկզբունքները և հավասարակշռությունը։ Դատարանը հենց այն վայրն է, որտեղ կոնֆլիկտը պետք է կառավարվեն և լուծվեն իրավական ձևով։ Բաց դատական նիստի սկզբունքը ենթադրում է, որ դատավարության ընթացքը հանրության համար մատչելի է ոչ միայն վերջնական դատական ակտի, այլ նաև հենց գործընթացի մակարդակով։ Եթե նիստի ժամանակ կողմերը լարվում են ու անգամ ձայն են բարձրացնում, դա ինքնին արդեն դատավարական իրականություն է․ լրագրողը, որպես կանոն, իրավունք ունի դա արձանագրել և փոխանցել հանրությանը՝ հատկապես եթե դա տեղի է ունենում բաց դատական նիստում։

Հակակոռուպցիոն իրավունքի տեսանկյունից հրապարակայնությունը ունի նաև կանխարգելիչ գործառույթ․ այն նվազեցնում է հնարավոր չարաշահումների կրկնման ռիսկը՝ ապահովելով, որ պետական ռեսուրսների վերաբերյալ որոշումները լինեն հասարակության դիտարկման ներքո։ Եթե նման գործերը սահմանափակվում են հրապարակայնության առումով, ապա նվազում է նաև հանրային վերահսկողության կանխարգելիչ ազդեցությունը, որը համարվում է կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից մեկը։

Վիճահարույց դատական նիստից հրապարակվել են առանձին տեսանյութեր, ինչպես Iravaban.net-ի կողմից տեսանկարահանված յուրաքանչյուր դատական նիստից։  Այս տեսանյութերը հրապարակվել են Յութուբյան ալիքում և կայքում՝ կից տեքստով։ Դրանք մեծամասամբ վերնագրված են եղել ուղիղ խոսքով։ Ուստի այսեղ որևէ գնահատական չկա։

Դատարանը նաև նշել է, որ վիրավորական բնույթի մեկնաբանությունները չեն հեռացվել անհապաղ, այլ միայն որոշ ժամանակ անց՝ երբ խոսնակը կապ է հաստատել։ Սակայն ինչպես յուրաքանչյուր հրապարակման դեպքում ,այս անգամ ևս հրապարակումներից անմիջապես հետո տեղադրվել է զգուշացնող մեկնաբանություն, ապա իրականացվել է շարունակական մշտադիտարկում, որի ընթացքում վիրավորական բնույթի մեկնաբանությունները հեռացվել են, հետագայում՝ դրանց մեծ ծավալով պայմանավորված անջատվել է մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը։ Սա հենց այն մոտեցումն է, որ բխում է վկայակոչված Delfi գործի տրամաբանությունից․ խնդրահարույց մեկնաբանությունների դեմ պատասխանը մոդերացիան է։ Ընդ որում՝ համաչափության տեսանկյունից նիստի ամբողջական տեսագրման արգելքը ամենասահմանափակող միջոցն է, մինչդեռ եթե իրական մտահոգությունը վիրավորական մեկնաբանություններն են կամ համատեքստից կտրված հատվածները, ապա առկա են ավելի մեղմ և թիրախային լուծումներ՝ մեկնաբանությունների կառավարում, ամբողջական տեսագրության հրապարակման պահանջ, նույնականացնող տվյալների պաշտպանություն։ Ամենախիստ միջոցի ընտրությունը՝ ավելի մեղմ այլընտրանքների առկայության պայմաններում, հենց համաչափության թերացումն է։

Եթե նման գործերի լուսաբանումը սահմանափակվում է տեխնիկական կամ դատավարական հիմքերով, ապա դա կարող է ազդեցություն ունենալ հանրային վերահսկողության արդյունավետության վրա։ Այսպիսով, ստեղծվում է իրավիճակ, որտեղ բաց դատական նիստերի հրապարակայնության սկզբունքը գործնականում բախվում է դրա կիրառման սահմանափակումներին․ երբ նույն փաստական լուսաբանումը տարբեր կերպ է գնահատվում որպես «սենսացիոն» կամ «չեզոք», առաջանում է իրավական կանխատեսելիության և միասնական չափանիշների բացակայության խնդիր, ինչը կարող է ազդել ինչպես մեդիայի աշխատանքի կայունության, այնպես էլ դատական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վրա։

Հակակոռուպցիոն արդարադատության միջազգային չափանիշներում ընդգծվում է, որ կոռուպցիայի հետ կապված գործերը պետք է ենթարկվեն բարձրացված հանրային վերահսկողության, քանի որ դրանք ուղղակիորեն վերաբերում են պետական ռեսուրսների կառավարմանը և հանրային իշխանության պատասխանատվությանը։

Մասնավորապես, Transparency International-ի և Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն ուղեցույցներում, որի անդամ է նաև Հայաստանը, նշվում է, որ դատական գործընթացների թափանցիկությունը համարվում է կոռուպցիայի կանխարգելման գործիք, քանի որ այն նվազեցնում է գործընթացների նկատմամբ հանրային անվստահության և «թաքնված որոշումների» ընկալման ռիսկը։

Այս իմաստով հակակոռուպցիոն գործերում հրապարակայնության սահմանափակումը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության տեսանկյունից։

Հակակոռուպցիոն արդարադատության համակարգերում մշտապես առկա է երկու սկզբունքների միջև հավասարակշռության խնդիր՝ դատական իշխանության նկատմամբ վստահության պաշտպանություն և գործընթացների լիարժեք թափանցիկություն

Այնուամենայնիվ միջազգային պրակտիկայում գերիշխում է մոտեցումը, ըստ որի՝ հանրային միջոցների և պետական պատասխանատվության հարցերով գործերում թափանցիկության շեմը պետք է ավելի բարձր լինի, քան սովորական քաղաքացիական վեճերում։ Այս իմաստով նկատելի է որոշակի հակասություն․ հենց այն գործում, որտեղ հրապարակայնության հանրային արժեքն ամենաբարձրն է՝ 670 միլիոն դրամի բռնագանձման հարցում, տեսագրման հասանելիությունն ամենասահմանափակն է։

Կոռուպցիայի հետ կապված գործերը չեն կարող դիտարկվել միայն որպես դատավարական վեճեր կողմերի միջև, քանի որ դրանց արդյունքը վերաբերում է ողջ հասարակությանը։

Այս իմաստով նման գործերը կրում են «հասարակական սեփականության» բնույթ, քանի որ դրանց արդյունքում որոշվում է՝ արդյոք պետությունը վերականգնում է կորցրած միջոցները, թե դրանք մնում են չվերականգնված՝ բեռ դառնալով հանրային համակարգի վրա։

Ուստի դրանց հրապարակայնության սահմանափակումը ուղղակիորեն ազդում է հանրության վերահսկողական հնարավորությունների վրա։

Խնդրի լուծումը տեսագրման բացարձակ իրավունք հռչակելը չէ, այլ դատարանի հայեցողության կանխատեսելի կանոնակարգումը։ Մասնավորապես՝ նպատակահարմար է տեսաձայնագրման թույլտվության որոշումը հիմնավորել օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով, ոչ թե լրատվամիջոցի ընդհանուր բնութագրով․ ձևավորել միասնական և հրապարակային չափանիշներ, որպեսզի որակումը չկախվի առանձին գնահատողի հայեցողությունից․ հանրային միջոցների և հակակոռուպցիոն գործերում կիրառել հրապարակայնության բարձրացված կանխավարկած՝ միջազգային չափանիշներին համահունչ․ իսկ խնդրահարույց մեկնաբանությունների դեմ ընտրել ամենամեղմ միջոցը՝ մոդերացիան, ոչ թե լուսաբանման սահմանափակումը։ Առանց այս երաշխիքների ձևավորվում է իրավիճակ, երբ նույն փաստական լուսաբանումը մի դեպքում թույլատրելի է, մյուսում՝ ոչ, և այդ սահմանագիծը որոշվում է ոչ թե օրենքով, այլ պահի գնահատականով։

Այս համատեքստում ուշագրավ է, որ հենց այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում, Iravaban.net-ի հարցին ի պատասխան նշեց,որ Հայաստանի դատական համակարգը պետական ինստիտուտներից ամենաչկայացածն է։

Հանրային վստահությունը, սակայն, ձևավորվում է ոչ միայն դատական ակտերով, այլև դրանց կայացման գործընթացի նկատմամբ վստահությամբ։ Այդ պատճառով դատական նիստերի հրապարակայնության, դատարանի հայեցողության կանխատեսելիության և մեդիայի ազատ գործունեության շուրջ քննարկումները շարունակում են մնալ արդարադատության համակարգի կայացման առանցքային բաղադրիչներից։

Առանձին քննարկման առարկա է այն հարցը արդյո՞ք դատախազի և դատավորի կողմից մասնագիտական լրատվամիջոցի գործունեության վերաբերյալ հրապարակային գնահատականներ հնչեցնելը համապատասխանում է նրանց վարքագծի և էթիկայի կանոններին։ Հաշվի առնելով խոսքի ազատության, դատական իշխանության անկախության և լրատվամիջոցների գործունեության նկատմամբ պետական մարմինների չեզոք վերաբերմունքի միջազգային չափանիշները՝ Iravaban.net-ը հետամուտ կլինի, որպեսզի այս հարցը քննարկվի ինչպես Հայաստանի իրավասու մարմինների, այնպես էլ համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից։

Օֆելյա Արսենյան

Leave a Comment