Քննարկվել է խորհրդարանի առաջին նստաշրջանի շարունակական և արդյունավետ աշխատանքի ապահովմանը միտված օրենքի նախագիծը

Գործող կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալների, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումն ավարտելուց հետո միայն Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցերի քննարկմանը: Այդ նպատակով օրենքը նախատեսում է ամենօրյա նիստերի անցկացում մինչեւ համապատասխան պաշտոնների համալրումը: Այս կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ առանձին քաղաքական ուժի վարքագծից է կախված լինում Ազգային ժողովի ամբողջ գործունեության բնականոն կազմակերպումը: Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով իր, Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի եւ Սարգիս Խանդանյանի համահեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի նպատակը, ըստ Արուսյակ Մանավազյանի, Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակական եւ արդյունավետ աշխատանքի ապահովումն է՝ բացառելով այն դեպքերը, երբ առանձին պաշտոններում թեկնածու չառաջադրելու հետեւանքով անհիմն կձգձգվի առաջին նստաշրջանի ընթացքը: Այս պատճառով, պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ եթե համապատասխան պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում չառաջադրի թեկնածու, ապա Ազգային ժողովը կանցնի օրակարգով նախատեսված հաջորդ հարցի քննարկմանը՝ միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության՝ հետագայում օրենքով սահմանված կարգով թեկնածու առաջադրելու իրավունքը:

«Նախագիծը հիմնված է Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման իրավական դիրքորոշումների վրա, համաձայն որոնց՝ համապատասխան թեկնածուների առաջադրումը խմբակցության հայեցողական իրավունք չէ, այլ Սահմանադրությունից բխող պարտադիր լիազորություն, որի չիրականացումը չի կարող խոչընդոտել խորհրդարանի սահմանադրական գործառույթների իրականացումը»,- հայտնել է զեկուցողը՝ միաժամանակ հավելելով, որ նախագծով ուժը կորցրած կճանաչվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ եւ 12-րդ մասերը՝ Սահմանադրական դատարանի նշված որոշմանը համապատասխանեցնելու նպատակով:

Արուսյակ Մանավազյանի խոսքով նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակականությունը, կբացառվեն անհիմն ընթացակարգային ձգձգումներն ու կպահպանվի խորհրդարանական փոքրամասնության՝ հետագայում համապատասխան թեկանծուներ առաջադրելու իրավունքը:

«Կառավարության դիտարկումները հիմնականում վերաբերել են իրավական որոշակիության սկզբունքի ապահովմանը եւ ընթացակարգերի հստակեցմանը»,- ներկայացնելով գործադիրի դրական դիրքորոշումը՝ ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունց՝ հավելելով, որ Կառավարության առաջարկների հիման վրա օրենքի նախագիծը լավարկվել է:

Leave a Comment