Կառավարությանը լիազորություն կտրվի՝ արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ում


Գործադիրն առաջարկում է լրացնել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում առկա իրավական բացը՝ ամրագրելով Կառավարության լիազորությունը՝ արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունը եւ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:


 


Հեղինակի՝ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով գործող իրավակարգավորումները չեն նախատեսում նման լիազորություն, ինչի արդյունքում պետությունը զրկված է օպերատիվ արձագանքման հնարավորությունից այն դեպքերում, երբ առկա են գիտականորեն հիմնավորված տվյալներ պեստիցիդների վտանգավորության վերաբերյալ:


 


Զեկուցողի խոսքով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների շրջանառության արգելումը պայմանավորված է միջազգային պարտավորություններով, մասնավորապես՝ Ռոտերդամի կոնվենցիայի շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորություններով: «Նշված մոտեցումն ունի մի շարք ռիսկեր: Անհրաժեշտ է, որ մեր երկիրն ունենա արագ արձագանքման ինքնուրույն գործիք՝ չսպասելով, որ ինչ-որ խնդրահարույց պեստիցիդի գիտականորեն հիմնավորված արգելքի անհրաժեշտությունը միջազգային կոնսեսուսով հաստատվի եւ արձանագրվի Ռոտերդամի կոնվենցիայով»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ կոնվենցիային միացած գրեթե բոլոր երկրներն ունեն այդ գործիքակազմը:


 


Նախագծով նաեւ առաջարկվում է լրացնել ագրոքիմիկատների պետական գրանցման համար սահմանված պայմաններից մեկը, որը խնդրահարույց է եւ դժվարություն է ստեղծում տնտեսավարողների համար:


 


«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորմամբ ագրոքիմիկատների պետական գրանցման համար պահանջվում է ներկայացնել աշխատանքային գոտում օդում ագրոքիմիկատի թույլատրելի սահմանային կոնցենտրացիայի վերաբերյալ տվյալներ, սակայն նման ցուցանիշներն ագրոքիմիկատների գերակշիռ մեծամասնության համար կամ չեն սահմանվում, կամ չեն կիրառվում՝ հաշվի առնելով դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները: Նման ցուցանիշները բնորոշ են հիմնականում թունավոր եւ արագ գոլորշիացող քիմիական նյութերին, այդ թվում՝ պեստիցիդների զգալի մասին:


 


Պատգամավորի տեղեկացմամբ միջազգային պրակտիկայում ագրոքիմիկատների մասով նման տվյալների ներկայացումը պարտադիր պահանջ չէ:


 


Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տվյալ պահանջը դարձնել կիրառելի միայն այն դեպքերում, երբ արտադրողի մոտ առկա են համապատասխան հետազոտություններ կամ մեթոդաբանություն:


 


Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ Կառավարությունն իր նոր լիազորության շրջանակում կմշակի պեստիցիդների արգելման կարգը՝ ստանալով իրավական հնարավորություն՝ արագ եւ արդյունավետ արձագանքելու պեստիցիդների հետ կապված ռիսկերին:


 


Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը: Նա բարձրաձայնել է նախագծի վերաբերայլ հանձնաժողովի դրական եզրակացությունը:


 


Կառավարության դիրքորոշումը եւս եղել է դրական:


 


Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment