«Միասնության թևեր»-ը ՀԿԿ-ի քայլերը կապել է ՍԴ-ում իր հայտարարության հետ – armeniatoday.am

«Միասնության թևեր» կուսակցությունը տարածած հայտարարությամբ պնդել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները կապ են հաստատել կուսակցության գրասենյակների տարածքների սեփականատերերի հետ և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրերը, չնայած դրանք արդեն իսկ գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ)։

Քաղաքական ուժն այս գործողություններն ուղղակիորեն կապել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով Սահմանադրական դատարանում (ՍԴ) իր ներկայացուցչի ելույթի և հրապարակած տվյալների հետ։

Կոմիտեն հարցումները սկսել է ՍԴ-ում իրենց իրականացրած ուսումնասիրությունը ներկայացնելուց անմիջապես հետո։

Ըստ քաղաքական ուժի՝ ՀԿԿ-ի աշխատակիցները որոշ սեփականատերերից պահանջել են պայմանագրեր և այլ տեղեկություններ, ինչի հետևանքով քաղաքացիները, ովքեր պարզապես օրինական պայմանագրային հարաբերությունների մեջ են կազմակերպության հետ, հայտնվել են անհասկանալի իրավիճակում և անհանգստություն են հայտնել իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու առնչությամբ։

«Միասնության թևեր»-ի ձևակերպմամբ՝ նման գործելաոճը քաղաքացիների անհանգստության ու ճնշման մթնոլորտ է ստեղծում, ինչի կապակցությամբ կուսակցությունը պահանջում է, որպեսզի ՀԿԿ-ն հանրությանը պարզաբանի կատարվածը։

Կուսակցությունը հիշեցնում է, որ ՍԴ-ում դիմումների քննության ընթացքում իրենց ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանի ներկայացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարագրում ներառված 130 անշարժ գույք տրամադրվել է անհատույց օգտագործման համար։

Քաղաքական ուժի պնդմամբ՝ այդ գույքերի անհատույց օգտագործումը պետք է հայտարարագրված լիներ շուկայական արժեքով, մինչդեռ ուսումնասիրությունը վկայում է, որ հայտարարագրված արժեքները էականորեն տարբերվում են համանման գույքերի վարձակալության արժեքներից:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս փաստերի հրապարակայնացումից անմիջապես հետո սկսված գործողությունները հարցեր են առաջացնում, քանի որ զգայուն թեմաների վերաբերյալ հայտարարություններից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվում ոչ միայն քաղաքական ուժը, այլև նրա հետ համագործակցող քաղաքացիները։

«Միասնության թևեր»-ը պետական բոլոր մարմիններին կոչ է արել գործել բացառապես օրենքի շրջանակներում և բացառել ցանկացած գործողություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում կամ ազդեցություն գործադրելու փորձ։

Leave a Comment