Հուլիսի 6-ից ուժի մեջ կմտնի վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը

Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնելու վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր մոդելը նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Հուլիսի 2-ին կառավարության նիստի ընթացքում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ նշված օրենսդրական փոփոխության ներդրման փուլը սահուն կազմակերպելու նպատակով գործադիրը հավանություն է տվել կառավարության համապատասխան որոշման նախագծին։

Նախարարի պարզաբանմամբ՝ այն անձինք, որոնց վարորդական իրավունքից զրկման ժամկետը հուլիսի 6-ի դրությամբ արդեն ավարտված կլինի, կկարողանան հենց այդ օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում դիմել իրենց իրավունքի վերականգնման համար։

Վերականգնման գործընթացի համար սահմանված է 50,000 դրամ պետական տուրք, որը ենթակա է վճարման տեղում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս կարգավորումը չի կիրառվի այն դեպքերում, երբ անձինք վարորդական իրավունքից զրկվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների հիման վրա։

Կառավարության կողմից հաստատված նախագծով նախատեսվում է նաև ներդնել էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի հետ ավտոմատ փոխգործակցության մեխանիզմ, որը հնարավորություն կտա ինքնաշխատ կերպով բացահայտել այն անձանց, որոնք, օրինակ, հաշվառված են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում, և անմիջապես դադարեցնել նրանց վարորդական իրավունքը՝ նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքացին չի դիմել հաշվառման-քննական ստորաբաժանում։

Այս թվայնացումը նպատակ ունի նաև լուծել այն խնդիրը, երբ քաղաքացիները տարբեր հիվանդությունների հիմքով ազատվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, սակայն միաժամանակ ունեն վարորդական իրավունք։ Եթե արձանագրվի վարելու հետ անհամատեղելի հիվանդության առկայություն, անձի պրոֆիլում ավտոմատ կերպով կսահմանվի արգելք։

Բացի այդ, որոշմամբ փոփոխվում է տեսական քննության դրական արդյունքի պահպանման ժամկետը՝ գործող մեկ տարվա փոխարեն սահմանելով երկու տարի։ Այս փոփոխությունը պայմանավորված է վերջին տարիներին դիմելիության աճով, հերթերի կառավարման դժվարություններով, գործնական քննությունների անբավարար արդյունքներով, ինչպես նաև ավտոդպրոցներում ուսուցումը մեկ տարվա ընթացքում չավարտելու հանգամանքով։

Մեկ այլ փոփոխությամբ՝ տեսական քննության հարցաշարերը կդառնան ավելի հստակ և տարբերակված՝ նախատեսելով տվյալ կարգին և ենթակարգին համապատասխան հարցեր, որպեսզի, օրինակ, թեթև մարդատար ավտոմոբիլների համար քննություն հանձնողների հարցաշարում այլևս չներառվեն ավտոբուսների վարման վերաբերյալ հարցեր։ Այս փոփոխությունը նախատեսվում է ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից՝ թվային համակարգերի հարմարեցման նպատակով։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment