Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Հարցը հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը:

Նախաձեռնությամբ Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան հաղթահարել մինչ այժմ առկա սահմանադրական եւ գործնական խոչընդոտները: Զեկուցողի խոսքով դեռեւս 7-րդ գումարման խորհրդարանից ի վեր քննարկվող այս հարցում առկա է եղել սահմանադրական բարդություն, քանի որ էթիկայի հանձնաժողովը դիտարկվել է որպես յուրաքանչյուր ենթադրյալ խախտման դեպքի համար առանձին ստեղծվող ժամանակավոր մարմին: Նման մոտեցումը հանգեցնում էր հարցի քաղաքականացմանը եւ պատգամավորի նկատմամբ հանրային կանխակալ վերաբերմունքի ձեւավորմանը՝ մինչեւ հարցի բուն քննարկումը:

Նախագծով առաջարկվում է ստեղծել այնպիսի կառուցակարգեր, որոնք դե յուրե կպահպանեն հանձնաժողովի ժամանակավոր կարգավիճակը, սակայն փաստացի կգործեն որպես մշտական մարմին: Հանձնաժողովը ստեղծվելու է 1 կամ 2 տարի ժամկետով, ինչը թույլ կտա ապահովել դրա կայուն գործունեությունը՝ առանց Սահմանադրության տառին հակասելու: Հանձնաժողովի առանձնահատկությունը կլինի պարիտետային սկզբունքը՝ կառավարող մեծամասնությունը եւ ընդդիմությունը կունենան հավասար ներկայացվածություն, իսկ նախագահի եւ փոխնախագահի պաշտոնները բաշխվելու են խմբակցությունների միջեւ՝ փոխադարձ համաձայնությամբ:

Որոշումների կայացման գործընթացում թափանցիկությունն ու անկողմնակալությունն ապահովելու համար նախատեսվել է, որ եթե քննարկվող հարցը վերաբերում է կառավարող մեծամասնության պատգամավորին, ապա նիստը պարտադիր կնախագահի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, եւ հակառակը՝ ընդդիմադիր պատգամավորի դեպքում նիստը կնախագահի մեծամասնության ներկայացուցիչը: Ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ կլինի նախագահողի ձայնը՝ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել պատգամավորների բարեվարքության մակարդակը եւ հարցը քաղաքական հարթությունից տեղափոխել մասնագիտական ու ժողովրդավարական մշակույթի դաշտ:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանն ընդգծել է նախագծի ընդունման եւ հանձնաժողովի գործունեության կարեւորությունը՝ շեշտելով, որ կարեւոր հանձնաժողով է ձեւավորվելու, որը միտված է լինելու Ազգային ժողովի դերի բարձրացմանը:

Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:

Leave a Comment