ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) 2026թ. հուլիսի 1-ին բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության՝ կապված Արագածոտնի մարզի Հովհաննավանքի տարածքում ծագած վեճի հետ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։
Գործը վերաբերում է այն իրավիճակին, երբ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից փորձ է արվել մուտք գործել եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան հատվածներ և այնտեղ իրականացնել ծիսական գործողություններ։ Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով կանխել հնարավոր ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ՝ կառավարության 797-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Ըստ հայցի՝ ոստիկանությունը չի իրականացրել պահանջվող գործողությունները՝ այդ թվում՝ չի ներկայացել դեպքի վայր և չի իրականացրել ստուգողական միջոցառումներ։
Դատարանը արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր սահմանված կարգով արձագանքել դիմումին, այցելել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և ձեռնարկել իրավական գործողություններ՝ սեփականության և իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով։
Վճռի համաձայն՝ եկեղեցու բոլոր հատվածները նույն իրավական կարգավիճակը չունեն, և Սուրբ Խորանը, Ատյանը և Ավանդատունը համարվում են բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ։
Դատարանը նաև ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով Եկեղեցին ունի ինքնուրույնություն իր ներքին կազմակերպման և պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանման հարցերում։
Արդյունքում դատարանը ոստիկանության անգործությունը ճանաչել է ոչ իրավաչափ։