ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր

ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր


 


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին: 


 


Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եգիպտոսի համալսարանի նախագահ և հայագիտության պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամը և գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա էլ Նագգարը:


 


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ դիվանագիտական առաքելություն։ Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունների զարգացմանը և նոր ծրագրերի  իրագործմանը, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում:


 


Դեսպան Ամալ Աֆիֆին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով հատկապես մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ առավելագույն ջանքերի ներդրման պատրաստակամությունը: Այս համատեքստում նա նախարարին է ներկայացրել առաջիկայում Եգիպտոսում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:


 


Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է նաև պատվիրակության կազմում ընդգրկված եգիպտացի մտավորականների գործունեությանը՝ նրանց հետ կապերի ամրապնդումը դիտարկելով որպես երկու ժողովուրդների միջև բարեկամության խորացման կարևոր հնարավորություն։ Այս համատեքստում նա բարձր է գնահատել պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամի երկարամյա գործունեությունը հայագիտության, Հայաստանի պատմության և Եգիպտոսի հայ համայնքի պատմության ուսումնասիրության ու հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նման գիտական աշխատանքը կարևոր ներդրում է Հայաստան-Եգիպտոս մշակութային երկխոսության ամրապնդման գործում։


 


Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամը երկար տարիներ աջակցել է Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությանը, ղեկավարել է արաբերեն հայագիտական «Արեգ» (AREG) ամսագրի խմբագրությունը, որն էական դեր է ունեցել հայության վերաբերյալ գիտելիքի տարածման գործում արաբալեզու ընթերցողների շրջանում։


 


Գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա էլ Նագգարը ևս ներկայացրել է իր գործունեությունը։


 


Նշվել է, որ կողմերը կարող են համագործակցել նաև Գրքի միջազգային փառատոնի շրջանակում՝ թարգմանական ծրագրերի իրականացմամբ։  


 


Հանդիպմանը  քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


 


ԿԳՄՍՆ


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment