Առաջարկվում է հաջորդ գումարման Ազգային ժողովի բացման օրվանից հետո ստեղծել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մանրամասն ներկայացնելով Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը եւ կազմավորմանը վերաբերող հիմնական կարգավորումները՝ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտից հետո նշանակվում է հանձնաժողովի նոր նախագահ եւ նախագահի նոր տեղակալ: Խմբակցություններն իրավունք ունեն իրականացնելու իրենց կողմից նշանակված հանձնաժողովի անդամների ռոտացիա:
Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ սա նաեւ իրենց քաղաքական ուժի հանձնառությունն է՝ անել ամեն բան, որպեսզի Ազգային ժողովի գործունեությունը ծավալվի էթիկայի կանոնների շրջանակում:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:
Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանն ընդգծել է նախագծի ընդունման եւ հանձնաժողովի գործունեության կարեւորությունը:
Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: